02/06/2015 12:17
Շաբոյանն՝ իր ու բաջանաղի հարաբերությունների մասին. Եթե օրենք է խախտվել, պետք է պատժվի
Մամուլում տեղ գտած հրապարաումներն այն մասին, թե ՀԷՑ-ին վարձույթով թանկարժեք մեքենաներ տրամադրած ընկերությունը պատկանում է իր բաջանաղին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անհեթեթություն է համարում, միևնույն ժամանակ նա ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ այդ ընկերության սեփականատերն իր բաջանաղն է:
ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ հրապարակմանը՝ նա ամոթանք տվեց բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծում են այդ ինտրինգը, որի միջոցով էլ փորձում են բացասական ազդեցություն թողնել իր անվան ու հեղինակության վրա:
Ինչ վերաբերում է իր և բաջանաղի միջև հարաբերություններին, ապա ՏՄՊՊՀ նախագահը հավաստիացրեց, որ նրա հետ հազվադեպ է հանդիպում:
«Ես ընդհանրապես ծանոթ չեմ նրա գործունեությանը, ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա կապ չունի, թե օրենք խախտողն ով է՝ բարեկամ, թե հարևան, օրինազանցը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Բոլորի շրջապատում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կզբաղվեն բիզնեսով, բայց դա չի նշանակում, թե մասնակցություն ունեմ այդ գործում: Եվ առհասարակ՝ լինի դա իմ բաջանաղը, եղբայրը, թե որևէ այլ բարեկամ կամ ազգական, ես գտնում եմ՝ եթե նա օրենք է խախտել, պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության: Այն մարդիկ, ովքեր այս լուրերը տարածում են, նրանք չեն էլ պատկերացնում, որ իմ ղեկավարած կառույցը մեծ ազդեցություն չունի ՀԷՑ-ի գործունեության վրա, քանի որ այն կարգավորվում է պետության կողմից: Կա առանձին պետական մարմին, որը զբաղվում է այդ ոլորտով, իսկ ես դրա հետ կապ չունեմ»,- մանրամասն ասաց Ա. Շաբոյանը:
Ա. Շաբոյանն անգամ հիշեցրեց, որ նախորդ տարի, ընդառաջելով մի շարք քաղաքացիների բողոքներին, ՏՄՊՊՀ-ն տուգանեց ՀԷՑ-ին ու պարտադրեց կատարել քաղաքացիների պահանջները: «Հանձնաժողավն, իր լիազորությունների առավելագույն սահմանն օգտագործելով, նման որոշում կայացրեց և պարտավորեցրեց չխախտել սպառողների շահերը»,- ասաց նա: