02/06/2015 16:16
Մեկնարկել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության գործով դատավարությունը
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատական առաջին նիստը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Արման Կատունյանի կինը՝ Նելլի Օհանյանը, վատառողջ լինելու պատճառաբանությամբ, և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը չէին ներկայացել դատարան:
Դատական նիստին տուժողի ներկայացուցիչներից ներկա էր միայն փաստաբան Թամարա Յայլոյանը, դահլիճում ներկա էին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներ:
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն չեն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին և դատական նիստերին հանդես են գալու այն փոխելու միջնորդությամբ:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 18-ին:
Նշենք, որ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արման Կատունյանը կնոջ` Ջեմմա Խաչատրյանի և հարեւանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով 2014թ. հուլիսի 24-ին ժ.11:00-ի սահմաններում իր անձնական օգտագործման մեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ: Այստեղ Կատունյանը հանդիպել է Հ. Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինի կերպով ձեռք բերած «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:
Ա. Կատունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էր ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել էև Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ: