02/06/2015 14:15
Մեկնարկեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը
Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները՝ բարելավելով բուժծառայության, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված բուժօգնության տրամադրումը Հայաստանի ՔԿՀ-ներում:
Ծրագրի մեկնարկին ներկա էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով ասաց, որ 2 տարվա տևողությամբ այս ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ՔԿՀ-ներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել անձնակազմին, ինչպես նաև օժանդակել Հայաստանի կառավարությանը ՔԿՀ-ների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում:
Անդրադառնալով բուժշխատողների խնդրին՝ նա ասաց, որ նախ, այստեղ աշխատող բժիշկների աշխատավարձն է ցածր, ապա պայմաններ չկան, իսկ խնդիրը առաջիկայում կլուծվի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ ձեռք բերած իրենց պայմանավորվածության շնորհիվ, ըստ որի՝ հիմնում են բանտային բժշկության դասընթացներ, որը հնարավորություն կտա պատրաստել մասնագետներ, ինչպես նաև արդինատուրայում նրանց համար համապատասխան տեղեր են հատկացվելու:
«Այս ամենը կհամալրի կադրային բազան, չնայած, որ մենք ֆունդամենտալ առումով ունենք բժիշկներին ներգրավելու խնդիր: Այդ խնդիրը կարելի է երկու ձևով լուծել՝ անդրադառնալ աշխատավարձերին, սակայն սա հակասական իրավիճակի կհանգեցնի՝ նույն քրեակատարողական հիմանարկում ծառայողների աշխատավարձի դիսբալանսը այլ հետևանքների կբերի, երկրորդ՝ վերանայել քրեակատարողական հիմնակներում բուժծառայության մատուցման ձևը, այսինքն` բուժծառայություն ոչ թե բժիշկները մատուցեն, որոնք համարվում են ծառայողներ, այլ քաղաքացիական բժիշկները, որոնք որոշակի հիմունքներով այդ աշխատանքը կիրականացնեն: Սակայն այս մոտեցումը գլոբալ բարեփոխումների հետ է կապված, պետք է ուսումնասիրել համաշխարհային փորձը, որոշակի վերլուծել տեղական իրավիճակը»,- ասաց Հ. Մանուկյանը՝ նշելով, որ սա բավականին նուրբ համակարգ է և իրենք կտրուկ գործողություներ չեն կարող անել:
Նրա խոսքով՝ հիվանդ դատապարտյալներից վերջին շրջանում բավականին քիչ դիմումներ են ստանում, ինչը խոսում է իրավիճակի բարելավման մասին:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ այս ծրագիրը մեծապես պահանջված է հայատանյան իշխանությունների կողմից, ինչն էլ երաշխիք կծառայի, որ այս ծրագրի հաջող իրականացման համար:
«Ծրագիրը չափազանց կարևոր է Հայաստանի, առաջին հերթին, բանտարկյալների համար: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի բանտային համակարգը դարձնել ավելի մարդկային, եվրոպական չափանիշներին համապատասխան»,- ասաց նա:
Հ. Մանուկյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակում պետք է վերանայել այն օրենսդրական բազան, որը կարգավորում է ՔԿՀ-ներում բուժական ծառայությունները՝ փորձելով ավելի արդիականացնել վիճակը:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017 ծրագրի շրջանակներում: