02/06/2015 18:40
Ըստ Ռ. Նազարյանի՝ ԲՀԿ ներկայացրած առաջարկությունների 50 տոկոսն ընդունվել է
Ինչպես ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր՝ ԲՀԿ խմբակցությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի անդամների հետ։ ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքային քննարկման ընթացքում ԲՀԿ պատգամավորները ներկայացրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ իրենց մտահոգությունները, ինչը հանգեցնելու է այլ ապրանքների և ծառայությունների շղթայական թանկացման։ ԲՀԿ պատգամավորները հանձնաժողովի անդամների հետ քննարկել են նաև խմբակցության պատրաստած մասնագիտական առաջարկությունների փաթեթը, որի կիրառումը հնարավորություն կտա առողջացնել էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջ շղթան։
Բացի դա՝ ԲՀԿ-ն ներկայացրել է ՀԷՑ-ի պարտքերի փոխհատուցման այնպիսի մեխանիզմներ, ինչը չի հանգեցնի սակագնի բարձրացման։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ քննարկումների ընթացքում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած առաջարկությունների մոտ 50 տոկոսն ընդունվել է։
Ինչ վերաբերում է հայտ ներկայացրած՝ էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններին առնչվող բազմաթիվ հարցերին, ապա դրանք ԲՀԿ-ն կբարձրացնի առաջիկա խորհրդարանական լսումների ժամանակ՝ նշյալ կազմակերպությունների ղեկավարների առաջ։