02/06/2015 12:06
Կան դպրոցներ, որտեղ սեյսմիկ անվտանգությունը շատ թույլ է, պետք է քանդվեն. Նարեկ Սարգսյան
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ դպրոցներ, որոնք սեյսմիկ անվտանգության նորմերին բացարձակապես չեն համապատասխանում: ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նախարարից հետաքրքրվեց, թե որքա՞ն գունար է ծախսվել նախորդ տարի դպրոցների սեյսմիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ի պատասխան նախարարն ասաց, որ այս ուղղությամբ լուրջ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են, սակայն դպրոցների մեծ մասն այսօր ամբողջությամբ քանդելու ենթակա է:
«Դպրոցներից մի քանիսը պետք է ամբողջությամբ քանդվեն»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում են դպրոցներ, որոնք կառուցվել են 1945 թվականին: «Իրականում ունենք նաև կիսատ շինարարություններ: Կան դպրոցներ, որոնք կառուցվել են պատերազմի տարիներին»,- ասաց նա:
Ն. Սարգսյանն ընդգծեց, որ կան դպրոցներ, որտեղ սեյսմիկ անվտանգությունը շատ թույլ է: «Դրանց կայունությունը փորձում ենք մի փոքր բարձրացնել, սակայն դրանք ևս անվտանգ չեն»,- ասաց Ն. Սարգսյանը: