02/06/2015 14:44
Սաքունց. ՔԿՀ-ում մարդն օրերով բուժօգնություն է խնդրում, չեն տրամադրում
Քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ կերպով բժշկական ծառայություն չի տրամադրվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում բժշկական ծառայության հետ կապված երկարաժամկետ դիտարկումներից հետո այն եզրահանգմանն է եկել, որ մարդն օրերով բուժօգնություն է խնդրում, չեն տրամադրում և անգամ տարածված խոսք կա՝ մի հատ անալգին են տալիս` որպես տարբեր հիվանդությունների ունիվերսալ դեղ:
Արթուր Սաքունցը նշեց, որ բուժօգնություն ցուցաբերելու հարցում դատապարտյալների նկատմամբ կա նաև խտրական մոտեցում, և դատապարտյալին օգնություն կարող է տրամադրվել կախված նրանից, թե արդյոք այդ անձը կրիմինալ, քրեական տեսանկյունից բարեհաճ վերաբերմունք ունի, թե ոչ:
Իրավապաշտպանի խոսքով` այդ խնդիրների հետ կապված էլ 2009, 2010 թթ. ՔԿՀ-ներում կտրուկ ավելացել էր մահացության թիվը՝ հասնելով մինչև 36, 37-ի, իսկ շատ հաճախ դատապարտյալները ՔԿՀ-ում պատիժը կրելուց դուրս են գալիս բազմաթիվ առողջական խնդիրներով:
Ա. Սաքունցի խոսքով՝ իրենք առաջարկել էին ՔԿՀ-ներում բժշկական ծառայության մատուցումը ոչ թե ենթարկվի քրեակատարողական հիմնարկին կամ արդարադատության նախարարությանը, այլ ՀՀ առողջապահության նախարարությանը:
Նա ասաց, որ հոգեկան առողջական խնդիրներով դատապարտյալները չպետք է պահվեն սովորական քրեակատարողական հիմնարկներում, սակայն մոտավորապես 40 հոգեկան առողջական խնդիրներ ունեցողներ պահվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, իսկ պահման պայմանները չեն համապատասխանում նման խնդիրներ ունեցող անձանց ապրելու անհրաժեշտ պայմաններին: