02/06/2015 17:15
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ հոսանքի թանկացումը հիմնավորված չէ
Էլեկտրաէներգիայի 18 դրամ թանկացումը պետք է հիմնավորվի: Աժ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ թանկացման բոլոր օբյեկտիվ պատճառները պետք է հիմնավորվեն:
«Ինձ թվում է խորհրդարանական լսումների ժամանակ մեր բոլոր հարցերին ավելի կոնկրետ կպատասխանեն»,- հույս հայտնեց Վ. Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ՀԷՑ-ի տնօրենի հետ առաջին անգամն է համատեղ նման քաննարկում կազմակերպվում. «Այսօր խոսում ենք տարբեր կառույցների հետ և փորձում ենք ընտրել ճիշտ տարբերակը: Իսկ ճիշտ տարբերակներից մեկն էլ այն է, որ պետք է բոլորին մի տեղում հավաքենք ու մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանանք»:
«Բոլորին առանձին-առանձին հարցերը տալիս ենք, պատասխաում են, բայց մեր հարցերի օբյեկտիվ պատասխաններն առայժմ չենք լսել»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ հարցեր կան, որոնք անպատասխան են մնում:
Ինչ վերաբերում է ճոխություններին ու շռայլ ծախսերին, Հանրապետական պատգամավորը նույնպես պնդեց, որ այդ ծախսերը չհիմնավորված են:
Ի դեպ, Aysor.am-ի հետ զրույցում մեկ այլ Հանրապետական պատգամավոր՝ Մանվել Բադեյանը անդրադառնալով այդ ճոխություններին, հայտարարել էր, որ այդ ծախսերով փորձում են հանրությանը իրականությունից շեղել: Նա ևս կարծիք հայտնեց, որ ՀԷՑ-ի պարտքերը հիմնավորված չեն: