02/06/2015 14:37
Քննարկում. Հոգևոր անվտանգության անտեսումն ազգային անվտանգության համատեքստում, մեղմ ասած, խելամիտ չէ
Հոգևոր դաշտը մեզ մոտ կարգավորված չէ և կրոնական կազմակերպությունների առումով անկառավարելի իրավիճակ ունենք: Այս մասին այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:
Նա ընդգծեց՝ հոգևոր անվտանգությունն ունի սոցիալ տնտեսական, բարոյագիտական, հոգևոր հարթություններ.
«Հետխորհրդային երկրներում այսօր էլ չլուծված են մնում կրոնական շարժումների հարցերը: Հայ եկեղեցին դեմ չէ որևէ կրոնական շարժման, խղճի ազատության դեմ չի գործում: Հայ եկեղեցու անելիքը հոգևոր քարոզչության ընդլայնումն է»:
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ շատ է խոսվում կրոնական ոստիկանություն կոչվող կառույցի անհրաժեշտության մասին, սակայն, «կարծում եմ՝ մեր հասարակությունը դեռևս չունի կրոնական ոստիկանության ընկալում»:
Քննարկման մասնակից, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նկատեց՝ ցանկացած երկիր, որը մտահոգ է հասարակության անվտանգությամբ, կենսական զարգացմամբ, ինքնության ապահովմամբ, գերակա անհրաժեշտություն ունի ուսումնասիրելու հոգևոր անվտանգության ոլորտը, ազգային անվտանգությանը նետված մարտահրավերները և տալ լուծումներ:
«Կարծում եմ՝ հոգևոր անվտանգության անտեսումը ազգային անվտանգության համատեքստում, մեղմ ասած, շատ խելամիտ չէ»,- ասաց Լիլիթ Գալստյանը: