02/06/2015 20:00
Բիբինի ներկայացրած փաստարկները Ֆարմանյանին չեն համոզել
ՀԷՑ-ի կողմից բերված փաստարկների մեծամասնությունը հիմնավորված չէ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Բոլոր այն հարցերը, որոնք հնչեցին նիստի ընթացքում, պատշաճ կերպով չմեկնաբանվեցին: Մենք այս քննարկման ընթացքում բարձրացրել ենք այն բոլոր հարցերը, որոնք հուզում են մեր հասարկությանը: Դրանք վերաբերում են ինչպես ճոխություններին ու շռայլություններին, այնպես էլ կորուստներին, որոնց մասին տպագրվել է նաև մամուլում»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր հարցերը դեռևս մնում են չպարզաբանված:
Պատգամավորի խոսքով՝ Ե. Բիբինին հարցեր են տվել ինչպես պատգամավորները, այնպես էլ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Կարծում եմ, որ ճիշտ կլինի սկզբում Էլցանցերը ներկայացնի իր կարծիքը, բայց մի քանի հանգամանք պետք է առանձնացնել: Պետք է ոչ միայն Էլցանցերը, այլև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանումներ ներկայացնի: Դրանք խոշոր կապիտալով աշխատող ընկերություններ են, որոնք ոչ միայն սոցիալական, այլև քաղաքականակն պատասխանատուներն են համարվում, ուստի կարծում եմ, որ նրանք ևս պետք է հասարկության հետ հաշվի նստեն: Նրանք ոչ միայն ժամանակ առ ժամանակ պետք էէլեկտրաէներգիայի թանկացման հայտ ներկայացնեն, այլև ներկայացնեն իրենց կատարած աշխատանքները: Բացի դա՝ էլեկտրաէներգիայի սակագանի վերաբերյալ ցանկացած հայտ պետք է գերճշմարիտ և գերհամոզիչ լինի: Ու թեև ես մասնագիտությամբ էներգետիկ չեմ, բայց լսելով այն փաստարկները, որոնք ներկայացվեցին, իմ համոզմամբ՝ համոզիչ չէին»,- ասաց Ֆարմանյանը՝ լրագրողներին հավաստիացնելով, որ նույն տեսակետը հայտնել է նաև նիստի ժամանակ: