12/06/2015 13:01
Ռոբերտ Նազարյան. Հայտը չենք մերժի
Արդյոք հնարավոր համարում եք այսօր մերժել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ներկայացված հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, այդ թվում նաև բոլոր այն ծախսերի մասով, որոնք ներկայացվել են և դրանից հետո նոր թե՛ մեզ բոլորիս, թե՛ հանրությանը ներկայացնել զարգացման հեռանկարները և կանխատեսումներն ու ժամանակացույցը: Հարցը ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` հասցեագրելով այն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
«Ես գտնում եմ, որ կարող եք այսօր մերժել»,- հայտարարեց Ա. Մինասյանը:
Ռ. Նազարյանը, սակայն, ասաց, որ մերժելը հնարավոր է, եթե գտնվի այն աղբյուրը, որը կապահովի ամբողջ էներգետիկ համակարգի ֆինանսական շարունակականությունը: Բայց հաշվի առնելով այն ամենը, ինչ ներկայացվել է աուդիտում, վարկային պարտավորություններն ու մնացածը այսօր դա անել, փաստացի, հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներին ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ԱԺ չի ներկայացել, ինչը վրդովվեցրել է պատգամավորներին: