27/06/2015 16:12
Հարսանիք՝ Բաղրամյան պողոտայում. Որտե՞ղ եք այսպիսի Մայդան տեսել
Բաղրամյան պողոտայում շարունակվում է թերևս ամենայուրօրինակ բողոքի ակցիան, որ երբևէ տեսել է Հայաստանը կամ մեկ այլ երկիր: Ամենօրյա երգուպարին, առավոտյան ֆուտբոլին, տաք սուրճով արևի առաջին շողերը դիմավորելու ավանդույթին ևս մեկ գեղեցիկ իրադարձություն ավելացավ. Երիտասարդ զույգը, որ այսօր ամուսնանում է, այցի էր եկել Բաղրամյան պողոտա կիսելու իրենց ուրախությունը ցուցարարների հետ:
Ավելորդ է նշել, թե ինչ ոգևորությամբ ու ջերմությամբ նորապսակներին դիմավորեցին այս պահին Բաղրամյանում գտնվող մարդիկ: Հարցին՝ ինչո՞ւ են այս օրով եկել այստեղ, նորապսակները արձագանքեցին.
«Մենք էլ այս երկրի քաղաքացիներն ենք և միանում ենք ցուցարարների պահանջներին»:
Մինչ Բաղրամյանից հեռանալը հարսնացուն անգամ իր ծաղկեփունջը նետեց հավաքված երիտասարդների կողմ՝ այդպիսով հիմք դնելով, ըստ ավանդույթի, նոր ամուսնության: