28/06/2015 18:32
Եղիա Ներսիսյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բախում չլինի
Հիմա «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խումբը խորհրդակցություն է անցկացնում, րոպեներ անց մնք մեր դիրքորոշումը կհայտնենք Նախագահի՝ երեկվա պաշտոնական հայտարարության վերաբերյալ, որի արդյունքում կորոշվի նաև մեր հետագա անելիքները: Այս մասին րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ով նախորդ 7 օրերի ընթացքում ևս գտնվում էր Բաղրամյան պողոտայում:
Լրագրողների ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ են պատրաստվում անել, եթե ժողովուրդը որոշի մնալ Բաղրամյան պողոտայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը ցուցարարներին ժամանակ է տվել մինչև այսօր՝ ժամը 23.00-ն, Ե. Ներսիսյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բախում չլինի, վերջ»:
Անդրադառնալով այն փաստին, որ այս պահին Բաղրամյան պողոտայում չկան ո՛չ հայտնի մարդիկ և ո՛չ էլ պատգամավորներ, ովքեր վերջին 6 օրերին կենդանի պատնեշ էին կազմում ոստիկանների և ցուցարարների միջև, Ե. Ներսիսյանն ասաց. «Հիմա Բաղրամյանի վերնամասում ոստիկանական ուժեր են կուտակվում: Օսիպյանն էլ պաշտոնապես հայտարարել է՝ 23.00-ից հետո իրենք ցրելու են ցույցը:
Երևի այդ պատճառով էլ պատգամավորներն այս պահին այստեղ չեն, չնայած, որ հայտարարել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության պաշտոնական դիրքորոշման մասին հայտնելու ենք այսօր 18.00-ին: Բայց, ես կրկնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բախում չլինի: Մենք ժողովրդին այստեղ չենք հավաքել, որ միտումնավոր բախման տանենք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ժամեր առաջ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կողմից տարածված այն հայտարարությանը, համաձայն որի Եղիա Ներսիսյանը հեռացվել է ՀԽ քարտուղարության կազմից՝ իր հասարակական դիրքը, ինչպես նաև իր հանդեպ առկա վստահությունը չարաշահելու միջոցով իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ անբարո վարքագիծ դրսևորելու պատճառով, ակտիվիստը պատասխանեց, որ չի պատրաստվում մեկնաբանել դա. «Դա իրենց խնդիրն է, ոչ իմը»,- ասաց նա: