28/06/2015 22:38
Վաղինակ Շուշանյան. Բաղրամյանում իմ քուրյրերն ու եղբայրներն են, բայց խնդրում եմ՝ խոհեմ եղեք
Ես չեմ հասկանում՝ ճի՞շտ եմ արել, թե՝ ոչ: Այս հարցով Ազատության հրապարակում հավաքվածներին դիմեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Մարդիկ պատասխանեցին միանշանակ՝ «Ճիշտ ես»:
«Ես ճիշտ կլինեի, եթե բոլորն այստեղ՝ Ազատության հրապարակում լինեին: Հիմա իմ քույրերն ու եղբայրները Բաղրամյան պողոտայում են: Ես ոչինչ ինքնագլուխ չեմ արել: Ես ուղղակի ուզում եմ, որ արյուն չթափվի: Ուղղակի հասկացեք՝ եթե ուզում ես որևէ հարց լուծել՝ պիտի ազատության մեջ ու առողջ լինես: Ծեծված-ջարդված, հիվանդանոցներում մեզանից ոչ ոք չի կարողանա պահանջել, որ հոսանքի գինը իջեցնեն: Բայց իջեցրել են, դա էլ հաշվի առեք: Կոչ եմ անում Բաղրամյան պողոտայում գտնվող բոլոր ընկերներիս՝ խոհեմություն ունենալ և տեղափոխվել Ազատության հրապարակ, քանի որ չեմ ուզում, որ նրանց գլխց մի մազ պակասի, որովհետև դրա համար ես ինձ եմ մեղավոր զգալու»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:
Շուշանյանը դիմեց Բաղրամյան պողոտայում հավաքվածներին՝ կոչ անելով չտրվել անհայտ ուժերի քաղաքական սադրանքներին, չփոխել պայքարի ազնիվ ընթացքը, հիշեցնելով, որ շարժումն ի սկզբանե քաղաքական որևէ հարց չի բարձրացրել և եղել է բացառապես սոցիալական պահանջներ առաջ քաշող: Նա կոչ արեց իր համախոհներին վերադառնալ Ազատության հրապարակ:
«Պայքարը շարունակվում է, ոչ ոք չի նահանջելու. Ազատության հրապարակն այսօրվանից դառնում է վրանային ավան և մինչև մեր պահանջների վերջանական կատարումը մնում ենք Ազատության հրապարակում»,- ասաց Վ. Շուշանյանը: