28/06/2015 12:38
Իշխանությունն այս պահին զիջել է այնքան, որքան հնարավոր էր. Էդմոն Մարուքյան
Այս պահին իշխանությունը արել է հնարավոր բոլոր քայլերը, իսկ քաղաքականությունը, ինչպես գիտենք, հնարավորի արվեստն է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ նախորդ 7 օրերի ընթացքում Բաղրամյան պողոտայում էր՝ ոստիկանների և ցուցարարների միջև՝ կենդանի պատ կազմած:
«Ես հիմա Վանաձորում եմ, ու այստեղ ծանոթացա Վաղինակ Շուշանյանի հարցազրույցին, համաձայն եմ նրա հետ՝ հիմա կարելի է տուն գնալ՝ մեծ պատերազմի ճակատամարտում հաղթանակ տոնելով: Բոլորին պարզ է, որ հնարավոր չէ Բաղրամյան փողոցը շաբաթներով փակ պահել: Երկրորդը՝ իշխանությունն այս պահին զիջել է այնքան, որքան հնարավոր էր»,- ասաց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին մարդիկ կարող են գնալ շատի հետևից և կորցնել նաև այն, ինչ ունեն այս պահին:
«Այս պահի քայլերի հետ կապված, կարծում եմ, որ պետք է մասնակցել աուդիտի գործընթացին, հետևել, հանրությանն անընդհատ տեղյակ պահել, և ցանկացած փուլում, երբ խնդիր լինի՝ միանգամից դուրս գալ փողոց»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք վեց ամիս հետո՞ էլ ժողովուրդը պատրաստ կլինի նույն ակտիվությամբ ու քանակով դուրս գալ փողոց, Մարուքյանը վստահաբար պատասխանեց՝ «այո, դուրս կգա»:
«Մեր 24 տարվա քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ մենք անընդհատ գնում ենք «ամեն ինչ, կամ ոչինչ» ճանապարհով: Այն ոչ մի բանի չի բերում որպես կանոն: Պետք է փորձել քայլ առ քայլ տարբերակով գնալ: Պետք է, որ այս պահին երկու կողմերն էլ ինչ-որ հաղթանակ ունենան. մեկը մտածի, որ ամեն ինչ չէ, որ զիջել է, մյուս կողմն էլ հասկանա, որ ամեն ինչ չէ, որ տապալված է, ու իր պահանջների մի մասը բավարարված է»,- ասաց Մարուքյանը հիշեցնելով. «Մենք Մարտի 1 ենք տեսել, դրա կրկնությունը մեզ պետք չէ. «ամեն ինչ, կամ ոչինչ» ճանապարհի վերջը կարող են արյունահեղությունն ու քաղբանտարկյալները լինել»: