28/06/2015 19:17
Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում է. Խուճապի հարց չկա
Բաղրամյան պողոտայում ցուցարարները սպասում են բուն հանրահավաքի մեկնարկին, որը պետք է տրվեր 18.00-ին: Հենց այսօր «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի համակարգողները պետք է հայտարարեն իրենց որոշման մասին՝ մնալ և շարունակել ցույցը, շարժվել դեպի Ազատության հրապարակ, թե գնալ տուն և սպասել հետագա զարգացումներին:
Հավաքվածների շրջանում որոշակի խուճապային տրամադրություն կա, քանի որ լուրեր տարածվեցին, թե համակարգող խմբի անդամներ Վաղինակ Շուշանյանը և Մաքսիմ Սարգսյանը չեն մասնակցելու հանրահավաքին և տուն են գնացել, սակայն Aysor.am-ի հետ զրույցում Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք մասնակցելու են հանրահավաքին. «Այդ լուրերը սուտ են»:
Նշենք, որ այս պահին հավաքվածները սպասում են տղաների հայտարարություններին:
Բաղրամյան պողոտայում են մի շարք քաղաքական գործիչներ: Ի տարբերություն պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Աղվան Վարդանյանի, ովքեր այս պահին ոստիկանական ուժերի դիմաց՝ կենդանի պատնեշի տարածքում են, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցարարների շարքում է, ի դեպ՝ առաջին անգամ անցնող 7 օերի ընթացքում:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին ժամանակ է տվել մինչև 23.00-ն, որից հետո, եթե Բաղրամյան պողոտան չազատվի, ոստիկանությունը կդիմի միջոցների: