28/06/2015 23:45
Վիգեն Չալդրանյան. Որևէ սերունդ այսքան համարձակ, անվախ չի եղել
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա և ինչ սրացումներ կլինեն, եթե երիտասարդները շարունակեն ցույցերը Բաղրամյան պողոտայում.
«Ինչ ընթացք կունենա այս ամենը, ինչ ընթացք կստանա ոսկե երիտասարդության պայքարը... հայտնածս որևէ կարծիք կարող է սխալ լինել… Ես երիտասարդներին միայն կարող եմ ասել, որ հիացած եմ այդ կուլտուրայով, այդ համառությամբ, որովհետև որևէ սերունդ այսքան համարձակ, անվախ չի եղել:
Շատ բան եմ լսել իրենց հանդուրժողականության, պահվածքի, մարդկանց կառավարելու կարողության մասին: Մենք տեսել ենք նաև ուրիշ բաներ` տանը չմնալու համար գնալ այնտեղ, զվարճանքի և այլն… Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք Բաղրամյան պողոտայում, սա խորին համոզմունք է` տեր կանգնելու իրենց դիրքորոշմանը, և այս ամենի մեջ ես տեսնում եմ ազնվություն:
Կուզեի, որ բռնության գործողություններ չլինեին, չլինեն սրացումներ ու հետևանքներ, բայց թե ստեղծված իրավիճակում ինչպես շարունակել, կդժվարանամ կոչեր հնչեցնել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսորը:
Այդուհանդերձ ո՞րն է ամենախոհեմ ճանապարհը` երկրորդ անգամ չմերժել Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բանակցելու հրավերը, թե՞ մնալ ու շարունակել համառ պայքարը, հարցին Կինոռեժիսորն այսպես արձագանքեց.
«Հավանաբար իրենք իրենց ինձնից լավ գիտեն… Մենք տեսել ենք շատ դեպքեր, երբ պայքարի ճանապարհին սկսել են հիասթափվել ու կիսատ են թողել: Ես կարծում եմ, որ եթե սկսել են, ապա պիտի մինչև վերջ գնան ու հասնեն արդյունքի:
Ամեն դեպքում, որևէ գործ երբ սկսվում է, վերջնակետը, վերջնահանգույցը առողջ բանակցությունն է, որովհետև խնդիրը միայն բողոքն ու ըմբոստությունը չէ:
Որևէ առաքելություն վերջում պիտի անպայման բերի խաղաղ պայմաններում բանակցության, քննարկումների` սեղանի շուրջ: Թեկուզ մեկ երիտասարդի կյանքը ինձ համար շատ թանկ է, մանավանդ այսպիսի որակով երիտասարդության»,- եզրափակեց Չալդրանյանը: