28/06/2015 20:02
Նրանք, ովքեր կմնան Բաղրամյան պողոտայում, կմաքրվեն ավելի կոշտ մեթոդներով. Ոստիկանապետ
Ով կողմ է անժամկետ նստացույցին կամ պայքարի այլ մեթոդների, թող գնա Ազատության հրապարակ, ով կողմ է պայքարը Բաղրամյան պողոտայում շարունակելու՝ թող մնա այստեղ: Այսպես եզրափակեց խոսքը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ դիմելով Բաղրամյան պողոտայում հավաքվածներին:
Դրանից հետո առաջին շարքերից լսվեցին «Ամոթ, ամոթ» կոչերը, իսկ ավելի ուշ՝ հավաքվածները գոչում էին՝ «Օպերա, օպերա»: Դրանից հետո հավաքվածների մի խումբը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, մի մասն էլ շարունակում է մնալ Բաղրամյան Պողոտայում: Բաղրամյանում քաոտիկ վիճակ է:
Այդ ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդես եկավ լրագրողների համար հայտարարությամբ և ասաց. «Նրանք, ովքեր կմնան Բաղրամյան պողոտայում, կմաքրվեն ավելի կոշտ մեթոդներով»:
Լրագորղի ճշտող հարցին՝ ի՞նչ մեթոդների մասին է խոսքը, ոստիկանապետը պատասխանեց բորբոքված. «Լեզուդ շաղ տալու փոխարեն՝ մի բան արա երկրիդ համար, կամ չքվիր աչքիցս: Ուզում ես իմանալ՝ ի՞նչ մեթոդներով. Ասեմ՝ այն մեթոդներով, որ ինձ օրենքն է տալիս»:
Aysor.am-ի աղբյուրները ոստիկանությունում, սակայն, հավաստիացնում են՝ ոստիկանությունը հանկարծակի միջոցների չի դիմի, նախ հավաքվածները կզգուշացվեն ճանապարհը չբացելու դեպքում ոստիկանական գործողությունների մասին, ավելին՝ եթե կան մարդիկ, ովքեր չեն կարող ինքնուրույն լքել Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը պատրաստ է տրանսպորտային միջոց տրամադրել: Դրանից հետո ոստիկանությունը կցրի ցույցը: