29/06/2015 19:46
Այսուհետ սա միմիայն «Համաժողովրդական շարժում» անվանումը պետք է կրի. Անի Զախարյան
Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ նստացույցը երեկ մի պահ հայտնվեց պայթյունավտանգ իրավիճակում: «Ո́չ թալանին» նախաձեռնության աչքի ընկնող անդամներ Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը որոշեցին նստացույցը տեղափոխել Ազատության հրապարակ, ինչը միանշանակ չընդունվեց ցուցարարների կողմից: Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի հետ: Վերջինս մեր զրույցի ընթացքում դեռևս գտնվում էր Բաղրամյան պողոտայում:
«Այժմ այստեղ այնքան էլ շատ հավաքվածներ չկան, սակայն դա պայմանավորված է միայն ժամով: Վստահ եմ, կամաց-կամաց կհավաքվեն»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի տղաների` Ազատության հրապարակ տեղափոխվելու կոչին, վերջինս պատասխանեց. «Դեռ ամսի 22-ին, երբ Բաղրամյան պողոտայում նստացույցի մեջ էինք, տղաներն ասացին` ժողովուրդ, եկեք հավաքվենք գնանք Ազատության հրապարակ: Թ́ե իրենց հետ զրուցել էին, վախեցել` չգիտեմ, ինֆորմացիային չեմ տիրապետում…Բնականաբար, անտրամաբանական համարելով այդ որոշումը` և́ մենք, և́ ժողովրդի մեծամասնությունը այդ օրը մնացինք Բաղրամյան պողոտայում և լուսաբացին տեղի ունեցավ ջրցան մեքենաներով վայրագությունները, բռնի ուժի կիրառումը, լրագրողների և քաղաքացիերի տեխնիկայի բռնագրավումը և այլն: Մինչ օրս որևէ իրավական ո́չ բացատրություն, ո́չ պատասխանատվության գործընթաց չի սկսվել քաղաքացիական հագուստներով մարդկանց մեջ հայտնված ոստիկանների նկատմամբ… Ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, սպասում էի, որ նմանատիպ մի բան կարող է տեղի ունենալ: Չեմ կարող ասել, որ պայմանավորվածություն կա իշխանությունների հետ կապված. գուցե տղաներն արդեն հոգնել են, գուցե իրենց գործողություններով փակուղու մեջ էին մտել և այլևս շարունակություն չէին տեսնում: Սակայն ավելի ազնիվ կլիներ, եթե ասեին` մենք դեռ երիտասարդ ենք, չենք պատկերացնում` ինչ անել, ինչպես շարունակել: Առաջարկում ենք Ձեզ հետ միասին հեռանալ պայքարից… Նաև մեկ բան, իրենք հայտարարեցին` «Ժողովուրդն ինչպես որոշի, այնպես էլ կշարժվենք»: Սակայն բազմաքանակ ժողովուրդը պահանջեց, որ մնում ենք, սակայն տղաները լքեցին և վերադարձան Ազատության հրապարակ»:
Անի Զախարյանը նշեց, որ այսուհետ սա միմիայն «Համաժողովրդական շարժում» անվանումը պետք է կրի. «Այստեղ այլևս ոչ-ոք իրավուք չունի որպես նախաձեռնող հանդես գալ: Սա սոցիալական հենքի վրա առաջացած համաժողովրդական ինքնաբուխ ընդվզում է: Այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ են բարձրացվում, որոնք վերաբերում են մեր երկրի տնտեսական-քաղաքական տարբեր հիմախնդիրների»:
Սակայն, նստացույցի նպատակն ի սկզբանե քաղաքականացված չէր, միայն հոսանքի թանկացման մասին որոշման չեղարկումն էր: Արդյոք այսօր «մեծ պահանջները» չեն կանգնեցնի «կոտրած տաշտակի» առջև: «Գիտեք, քննարկումները տարբեր են: Քանի որ հավաքվել է բավականին մեծ քանակությամբ ժողովուրդ, տրամաբանական է, որ տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ են լինում: Սակայն մեր պահանջը կրկին մնում է որոշման չեղարկումը: Մենք ներկա պահին այլ քաղաքական ակնկալիքներ չունենք: Միայն համաժողովրդական, բազմաքանակ բազմության դեպքում կկարողանանք դիմակայել ոստիկանության նմանատիպ դրսևորումներին, կանխել այն բոլոր երևույթները, որոնք, հնարավոր է, ուժի կիրառման դեպքում կանխել: Եթե քիչ մարդ լինի, բնականաբար, հեշտ կլինի մեզ ցրել: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ միայն մեծ բազմության դեպքում կկարողանանք դիմակայել այդ բոլոր փորձություններին` մինչև մեր պահանջի բավարարումը իրականանա. Այն է` չեզարկել որոշումը»:
Բաղրամյան պողոտայում գտնվող Անի Զախարյանից Aysor.am-ը նաև հետաքրքրվեց, թե արդյոք ցուցարարների և ոստիկանության միջև կենդանի պատ հանդիսացող հայ հայտնիները` շոու-բիզնեսի ներկայացուցիչները, շարունակում են իրենց ընտրած առաքելությունը: «Ճիշտն ասած` այս պահին որևէ մեկին չեմ նկատում: Սակայն իրենց ներկայությունը դրական եմ գնահատում: Նրանցից շատերն ասում են, որ իրենք այստեղ են որպես ՀՀ քաղաքացի: Այո, բոլորս պետք է գիտակցենք, որ կլինի դերասան, երգիչ, թե պաշտոնյա, սա համաժողովրդական պահանջ է և սոցիալական խնդիր, որը յուրաքաչյուր ընտանիքի է առընչվում»: