29/06/2015 12:39
Վաղվա օրը կորած չէ, երիտասարդությունը մեր ծաղիկն է. Գրականագետ
Կարող եմ վստահ ասել, որ վաղվա օրը կորած չէ, քանի դեռ ունենք այսպիսի երիտասարդություն։ Ես հպարտ եմ նրանցով։ Երիտասարդները տարիներ առաջ կասեցրին տրանսպորտի թանկացումը, հիմա էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը։ Անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին՝ ասուլիսում այս մասին հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Երիտասարդների արարքը բխում էր բացառապես ազնիվ մղումներից: Նրանց արածն արտակարգ մաքուր, ազնիվ արարք է։ Ոչ մի քաղաքականացում, մայդանացում չկա: Արդար, ուղիղ պայքար է ու նրանց պետք է լսել՝ ալան-թալանին վերջ դնել։ Երիտասարդությունը մեր ծաղիկն է, որին պետք է գուրգուրել»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի մասին հայտարարությանը՝ նա տեսակետ հայտնեց, որ իշխանություններն այլ տարբերակ չունեին:
«Էլեկտրաէներգիայի հարցը նոր բան չէ, սկսվում է լույսի տեսուչից հասնում մինչև նախարար։ Տեսուչները պատուհաս են, միշտ հասկանում ես, որ հավելագրումներ են անում։ Այսինքն՝ խնդրի լուծումը պետք է սկսել հենց տեսուչների վերահսկմամբ: Աուդիտը լավագույն տարբերակն էր, իսկ իշխանություններն այլ ելք չունեին»,- ասաց նա։
Գրականագետը նաև տարօրինակ է համարում այն, որ ստրատեգիական նշանակություն ունեցող ՀԷՑ-ը պատկանում է Ռուսաստանին։ «Ժողովրդին այսքան ստորացնել չի կարելի։ Պետք է չեղարկել թանկացումը մինչև բոլոր հարցերը լուծվեն»,- հավելեց նա։