29/06/2015 19:34
Տնտեսագետ. Աուդիտ բառի շուրջ՝ առանց հասկանալու դրա էությունը, քննարկումներ են գնում
Նախ և առաջ, ի՞նչ է նշանակում աուդիտի անցկացում: Ի՞նչ են ուզում ճշտել այդ աուդիտով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում խոսելով ՀԷՑ-ում աուդիտի անցկացման վերաբերյալ նախագահի հայտարարության մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.
«Եթե ամենամյա աուդիտ է անցկացվում, ապա անհասկանալի է, քանի որ օրենսդրությամբ պահանջվում է, որ ամեն տարի առանց այդ էլ աուդիտ անցկացվի: Կարող եք մտնել ՀԷՑ-ի կայք ու տեսնել նաև 2014 թ.-ի աուդիտի արդյունքները»,- ասաց տնտեսագետը:
Նա ընդգծեց՝ իրավիճակը մինչև վերջ ներկայացված չէ.
«Աուդիտ բառի շուրջ՝ առանց հասկանալու դրա էությունը, քննարկումներ են գնում: Բացի այդ, տարօրինակ են նաև նշված ժամկետները՝ 3-6 ամիս: Եթե լիներ 3-4 ամիս, կամ 5-6 դեռ հասկանալի կլիներ»,- ասաց տնտեսագետը:
«Եթե աուդիտն անցկացվում է, որպեսզի ստացվեն հոսանքի թանկացման հիմնավորումներ, ապա դա ոչ մեկին պետք չէ, քանի որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն տվեց այդ հիմնավորումները»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով աուդիտի գործընթացի՝ քաղաքացիների կողմից վերահսկմանը, տնտեսագետը նշեց, որ դա ևս անհսականալի է.
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ վերահսկող խմբում պետք է մասնագետներ լինեն»,- ասաց Վահագն Խաչատրյանը: