29/06/2015 15:07
ՀԽ անդամ. Նրանք չկանգնեցին ժողովրդի կողքին, նրանց կփոխարինեն այլ ակտիվ քաղաքացիներ
Բոլորը հասկանում են՝ Հիմնադիր խորհրդարանը հիմա այն միակ ուժն է, որը ձգտում է գետնի վրա փոփոխությունների՝ առանց սպասելու գալիք ընտրություններին: Հենց այդ պատճառով էլ այն բոլորի թիրախն է դարձել: Այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռ/կ ուղիղ եթերում ասաց ՀԽ քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի նախաձեռնող «Ոչ թալանին» խումբը կոչ արեց քաղաքացիներին իջնել Ազատության հրապարակ՝ ավելորդ բռնություններից խուսափելու համար, և այնտեղ շարունակել մշակել հետագա պայքարի ուղին:
Նրանց հետևից գնացին քչերն ու ազատ մնացած հարթակն անմիջապես զբաղեցվեց տեղում եղած տարբեր ուժերի, այդ թվում՝ ՀԽ անդամների կողմից:
Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նախօրեին արված այն հայտարարությանը, թե իրենք սադրիչներ են.
«Ոստիկանությունն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը: Ակնհայտ է, որ մենք գործ ունենք տոտալիտար մտածողությամբ խորհրդային մնացուկի հետ: Թող նա ասի՝ ինչ հիմքով է նման հայտարարություններ անում ու թող փաստարկներ ներկայացնի: ՀԽ-ն աջակցում է բոլոր շարժումներին, որքանով որ կարող է ու միշտ էլ այդպես է վարվել»:
Լրագրողի դիտարկմանը, թե շատ է խոսվում այն մասին, որ սա ոչ թե աջակցություն է, այլ ՀԽ-ի կողմից շարժումն այլ ուղղությամբ տանելու փորձ, Վարուժան Ավետիսյանն ասաց.
«Ես հասկանում եմ, որ շատերն ուզում են դա շահարկել, բայց կհորդորեի ուշադրություն դարձնել, թե կոնկրետ ովքեր ու որ ուժերն են այդ երգը երգում ու ինչ սիմֆոնիկ նվագակցությամբ՝ կեղծ ընդդիմադիրների, կեղծ հայրենասերների, ռեժիմի քարոզչամեքենային լծված հայտնի ու անհայտ աղբյուրների ամբողջական մեքենա է գործում: Բնականաբար, նպատակը մեկն է, որքան հնարավոր է հարվածել, վնաս հասցնել»:
ՀԽ քարտուղարությանն անդամն ասաց՝ իրենք պատրաստ են կանգնել մինչև չլինի գետնի վրա մոբիլիզացիան ու քաղաքացիական անհնազանդության միջոցով ռեժիմի հեռացումը տեղի չունենա.
«Խոսքը չի գնում այս նախաձեռնության մասին: Այստեղ մենք ուղղակի աջակցում ենք»:
Գնահատելով նախօրեին «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի՝ Օպերա իջնելու որոշումը՝ Վարուժա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ ճիշտը Բաղրամյան պողոտայում մնալն էր:
«Նրանք պարտավոր էին ենթարկվել ժողովրդին ու քանի որ նրանք համաձայն չեղան ժողովրդի մեծամասնության հետ, նրանց կփոխարինեն այլ ակտիվ քաղաքացիներ»,- ամփոփեց նա: