29/06/2015 15:55
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Խաչատրյանը հողազավթում է արել. Անահիտ Բախշյան
«Արդեն 2-րդ տարին է, որ ահազանգում եմ այն մասին, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Խաչատրյանը զավթել է Բաբաջանյան 18/3 հասցեում իրեն ամրագրված հողակտորին հարևան, նույն մակերեսով հողակտորը»,-ասված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հաղորդագրության մեջ
«Այս մասին ինքներդ վկայեցիք Երևանի ավագանու անցյալ տարվա նիստերից մեկի հարց ու պատասխանի ժամանակ: Ամեն երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ սպասում եմ, որ Հայկ Ասատրյանը հողազավթումների մեջ կնշի այս հասցեն, բայց այդպես էլ չի ասվում, որը վկայում է քաղաքին պատկանող հողերի մութ գործարքների մասին: Ո՞վ գիտե, թե նման քանի հողազավթում կա Երևանում և դրանով որքան վնաս է պատճառվում Երևանի բյուջեին:
Եթե իշխող հանրապետական կուսակցության Երևանի ավագանու անդամը և քաղաքապետարանի համապատասխան մարմինների պաշտոնյաները Ձեր գիտությամբ նման անօրինական հողազավթում են թույլ տալիս և Դուք չեք բռնում նրանց ձեռքը, նշանակում է Դուք էլ եք հանցակից:
Այս մասին ես հերթական անգամ բարձրաձայնում եմ և պահանջում Ձեզանից պատժել Գևորգ Խաչատրյանին, նախկին տեսքի բերել այդ զավթած հողը, բարեկարգել և վերադարձնել քաղաքին ու այն դնել օրինական աճուրդի»,-նշված է հաղորդագրության մեջ: