29/06/2015 20:00
Պիպոյանը` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին. Համախմբվեք
«Բողոքի ակցիաները արդյունք չեն տա, քանի դեռ քաղաքացիական հասարակությունը պառակտված և մասնատված է»,- Ազատության հրապարակում Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է նախ համախմբվել և հետո հետագա ծրագիր մշակել. «21-րդ դարում, առաջին հերթին պետք է աշխատել ճիշտ տեղեկատվության հետ, և հասարակությանը ճիշտ ինֆորմացիա մատուցել: Ինչ-ինչ աղբյուրներից հասարակությանը մատուցվում է, որ Ազատության հրապարկում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դավաճան են և միևնույն ժամանակ հավաքներ են կազմակերպվում Բաղրամյան և Կոմտիասի պողոտաներում»,- ասաց նա՝ առաջարկելով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին համախմբվել և գալ միասնական հայտարարի, պայքարը շարունակել միևնույն վայրում:
«Այս պահին սխալ տեղեկատվություն է շրջանառության մեջ դրվել, որի հետևանքով հասարակությունը մասնատվել է երկու մասի, առաջարկում եմ նաև փորձագիտական հստակ օրակարգ մշակել, ըստ դրա էլ հետագա քայլերն իրականացնել»,- նշեց Բ. Պիպոյանը:
Ըստ նրա՝ պահանջը սոցիալական է, պետք է միասնական օրակարգ ձևավորել, որը կհանգեցնի սցենարային հաջորդականության, և սոցիալական բունտ անող հասարակությունը կմիանա` չի պառակտվի:
Aysor.am-ի հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու պառակտումը, Պիպոյանը պատասխանեց. «Բնականաբար, բոլորին` թե՛ իշխանությանը, թե՛ այն քաղաքական ուժրին, ովքեր ցանկանում են այս շարժումից դիվիդենտներ քաղել»: