29/06/2015 17:53
ԵՄ-ն կարգելի Էյֆելյան աշտարակի և տեսարժան այլ վայրերի լուսանկարների տեղադրում սոցցանցերում
Եվրամիությունը, ըստ ամենայնի, առաջիկայում կընդունի մի օրենք, որըկ հիասթափեցնի թերևս աշխարհի բոլոր բնակիչներին: Ըստ այդմ, Բրյուսելում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որն այսուհետ կարգելի աշխարհահռչակ տեսարժան վայրերի մոտ պրոֆեսիոնալ լուսանկարներ անել ու հետագայում դրանք տեղադրել սոցիալական ցանցերում: Դրանց հրապարակումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե լինի համապատասխան թույլտվություն տեսարժան վայրերի ադմինիստրացիայի կողմից:
«Նատ-գեո.ռու»-ն գրում է, որ տեսարժան վայրերի ցանկը դեռ հայտնի չէ, բայց ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցանկում հաստատ տեղ կգտնեն Փարիզի Էյֆելյան աշտարակն ու Հռոմի Թրևի շատրվանները:
Թեև խոսքը պրոֆեսիոնալ լուսանկարների մասին է, իրավապաշտպանները վստահ են, որ արգելքը կանդրադառնա նաև շարքային քաղաքացիների վրա, քանի որ խոսքը սոցիալական մեդիայում դրանց հետագա հրապարակման մասին է: Իսկ սոցիալական մեդիան ներառում է ոչ միայն սոցիալական ցանցերը, այլև ֆորումներ, ծանոթության կայքեր և այլն: Թե ինչպես է , օրինակ, «facebook-police» պատրաստվում տարբերակել պրոֆեսիոնալ լուսանկարները սիրողականներից անհայտ է: