29/06/2015 14:42
Դեսպան. Նորմալ է՝ մարդիկ ինչ-որ պահանջներ են առաջ քաշում և կառավարությունը ուզում է հասարակական կարգն պահպանել
Մենք մեզ իրավունք չենք վերապահում մեկնաբանություններ անել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ թանկացման ցույցին:
Դեսպանի խոսքով՝ խոսքը Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին է և իրենք սովորություն չունեն մեկնաբանել օտար և ինքնիշխան պետության ներքին քաղաքականությունը:
Այդուհանդերձ, նա ասաց, որ իրենք հետևում են ընթացող զարգացումներին և դրանք գտնվում են ժողովրդավարական գործընթացների ընդհանուր տրամաբանության մեջ:
«Նորմալ է, որ մարդիկ ինչ-որ պահանջներ են առաջ քաշում և կառավարությունը ուզում է հասարակական կարգն պահպանել»,- ասաց նա: Ոստիկանության գործողությունների մասին, որի հետևանքով լրագրողներ ու ակտիվիստներ էին բերման ենթարկվել, դեսպանը նշեց, որ ինչքանով ինքն է տեղյակ, ձերբակալվածներն ազատ են արձակվել:
Դեսպանի խոսքով՝ միակ բանը, որ իրենք ցանկանում են, այն է, որ այս խնդիրը երկխոսության ճանապարհով արագ լուծվի: