29/06/2015 11:46
Նոր սակագնի` 6.93 դրամի մեջ 2.36 ՀԷՑ-ին չէ, այլ էլեկտրաէներգիա արտադրողներինը
ԶԼՄ-ներում տեղեկություն կա, որ ՀԷՑ-ը առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել ոչ թե 17 դրամով, այլ 6: Aysor.am-ին «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պատասխանեց, որ նման բան չկա և տեղյակ չէ, թե 6 դրամ էլէներգիայի թանկացման առաջարկությունը որտեղից է:
«ՀԷՑ-ի առաջարկած 17 դրամի մեջ 10 դրամն է մերը, իսկ 7 դրամը` արտադրողներին է»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն նոր սակագնի` 6.93 դրամի մեջ, 2.36 ՀԷՑ-ին չէ, այլ էլեկտրաէներգիա արտադրողերներին` մեծ ու փոքր հիդրոէլեկտարկայաններին, ՋԷԿ-ին:
«Մենք սակագնի համար ընդհանրապես պատասխանատու չենք, մենք հայտ ենք ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ու ներկայացնում ենք նաև ընդհանուր գումարը, որի մեջ ներառված է նաև արտադրողների սակագինը»,- ամփոփեց Նատալյա Սարջանյանը:
Նշենք, որ դեռևս 2014 թ-ին վերանայվել են 119 փոքր ՀԷԿ–երի սակագները։ ՀԾԿՀ որոշման համաձայն, բնական ջրային հոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 2015թ-ի հունվարի մեկով կազմել է 21.168 դրամ` 1 կՎտ.ժամի դիմաց, առանց ԱԱՀ-ի, ոռոգման համակարգերի վրա կառուցած փոքր ՀԷԿ–երի համար` 14.110 դրամ մեկ կՎտ.ժամ, խմելու ջրհոսքի վրա կառուցած ՀԷԿ–երի համար` 9.408 դրամ 1 կՎտ.ժամի դիմաց։
Հավելենք նաև, որ Հայաստանում ներկայում գործում է մոտ 150 փոքր ՀԷԿ։ Դրանք արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 10 տոկոսը։