29/06/2015 09:55
Հ. Սահակյան. Որոշ գործիչներ փորձում են Հայաստանը խառնաշփոթ ու քաոսային վիճակի բերել
Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող գործընթացները բացարձակ տարբեր գործընթացներ են: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը.
«Ես շնորհակալություն եմ հայտնում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին` գեղեցիկ ու ճշմարտացի պայքարի համար: Պետք է արձանագրենք, որ առաջին անգամ Հայաստանում հանրահավաքի գործընթացն իրականացվեց բացառապես ազգային երգ ու պարի զուգորդմամբ, ողջ գործընթացը խաղաղ բնույթ էր կրում, իսկ որոշումները կայացվում էին կոլեգիալ»,- նշեց նա: Հ.Սահակյանը մտավախություն ունի, որ Բաղրամյանում մնացած քաղաքական որոշ խառնակիչ գործիչներ, որոնց ձեռագիրը վերջին ամիսների ընթացքում մի անգամ չէ, որ տեսել ենք, փորձում եմ իրավիճակից օգտվելով իրականացնել իրենց վաղեմի երազանքը: Այն է՝ Հայաստանը խառնաշփոթ ու քաոսային վիճակի բերել.
«Բայց ես վստահ եմ, որ Բաղրամյանում դեռ կան ազնիվ մղումներով մարդիկ ու եթե նրանց նպատակն է ազնիվ պայքարը շարունակել, ապա նրանք, հույս ունեմ, կմիանան Ազատության հրապարակում հավաքված տղաներին»:
Պատգամավորը նկատեց՝ առկա քաոտիկ վիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ բերելով անդառնալի ու անկանխատեսելի հետևանքների:
«Նրանք, ովքեր փորձում են իրավիճակը խառնել ընդամենը մի նպատակ են հետապնդում՝ Հայաստանը չտեսնել ժողովրդավարական երկիր: Հույս ունեմ, Բաղրամյան պողոտայում հավաքված մեր քաղաքացիները կհասկանան դա ու ադրանքների չեն ենթարկվի»,- հավելեց նա: