29/06/2015 16:20
Մենք մեր այդ քայլով անվտանգության խնդիր լուծեցինք. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ
Մինչ այդ՝ Aysor.am-ի թղթակիցը Ազատության հրապարակում ականատեսը եղավ, թե քաղաքացիներից մի կին ինչպես է պարզաբանում պահանջում քաղաքացիական նախաձեռնության մյուս անդամներից և հետաքրքրվում, թե ինչու երեկ երիտասարդները լքեցին Բաղրամյան պողոտան: «Վախեցա՞ք»,- հետաքրքրվեց կինը, ում ի պատասխան երիտասարդը պատասխանեց, որ ոչ թե վախեցան, այլ մտահոգվեցին կանանց ու երեխաների համար:
«Երեկվա հայտարարությունն ընթերցելով՝ մենք ոչ թե վախեցանք, այլ մտահոգվեցինք ձեր և երեխաների համար: Հեռանալու մասին միտքն առաջացավ այն ժամանակ, երբ սկսեցին պայքարի հետ առնչություն չունեցող ելույթներ ու հայտարարություններ հնչել: Մենք մեր այս քայլը ճիշտ ենք որակում, իսկ այդ քայլով անվտանգության հարց լուծեցինք»,- նշեց երիտասարդներից մեկը: Երբ կինը պնդեց, որ 88-ին վախ չկար, նրանցից մեկը նեղսրտեց, որ այս շարժումը պետք չէ համեմատել 88-ի շարժման հետ: «Դուք մի համեմատեք այս նախաձեռնությունն ու մեր գործողությունները 88-ի հետ: Սա անհամեմատելի է: Նա ուրիշ պայքար էր, սա՝ ուրիշ»,- միջամտեց մեկ այլ երիտասարդ:
Ի դեպ՝ նշենք, որ Ազատության հրապարակն, ի տարբերություն երեկվա, այսօր մարդաշատ չէր, սակայն, նախաձեռնության անդամները չեն ընկճվում. նախորդ 6 օրերի ընթացքում, միշտ էլ կեսօրին ոչ Ազատության հրապարակը, ոչ էլ Բաղրամյան պողոտան մարդաշատ չի եղել, սակայն երեկոյան ժամերին հրապարակն ու պողոտան մարդաշատ են դարձել:
«Հավանաբար պատճառը շոգն է»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ, ով նույնպես չներկայացավ: