29/06/2015 13:18
Ս.Սաֆարյան. Եթե Բաղրամյանի ցուցարարների դեմ ուժ կիրառվի, ապա քաղաքական օրակարգ կառաջանա
Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որևէ շարժում կարողացավ այսքան երկար մնալ Բաղրամյան պողոտայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը՝ արձանագրելով անհանգստացնող մի միտում: Այն է՝ նախօրեին շատ ընդգծված էր քաղաքական ու քաղաքացիական հասարակությունների բաժանումը՝ Ազատության հրապարակ գնացածները գտնում էին, որ տեղափոխվելը ճիշտ է, իսկ Բաղրամյանում մնացածները կարծում էին, որ պայքարը շարունակել պետք է միայն այնտեղ.
«Այս ամենի ֆոնին շարժման ներսում կոնֆլիկտները շատացել են, թևերը միմյանց են մեղադրում: Ու թեև ես թե մնացողների, թե Ազատության հրապարակ գնացողների կայացրած որոշումը այնքան էլ իդեալական չեմ համարում, բայց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող անդամները իրավացի են՝ գիտակցելով ամեն օր մեծացող ռիսկերը: Եվ նրանք տեսնում են, որ մնացողներից շատերը ուղղակի մեծ-մեծ խոսում են, մեծ մասն էլ ուղղակի թամաշա անողներ են»:
Ս. Սաֆարյանն ընդգծեց՝ այն, որ էլէներգիայի սակագնի դեմ պայքարը թևակոխել է տրանսֆորմացիայի փուլ, ինչպես նաև երևացին դրա հետ կապված դժվարությունները: Բանախոսի կարծիքով՝ շարժմանը հաջողություն բերեց այն, որ այն անառաջնորդ էր, մինչդեռ իշխանությունները մտավախություն ունեին, որ պայքարն իր օրակարգով քաղաքականի կվերածվի, ինչը դեռ տեղի չի ունենում:
Ինչ վերաբերում է Բաղրամյանից ցուցարարներին ցրելուն, ապա Ս.Սաֆարյանը նշեց.
«Իշխանության շահերից չի բխում ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ, բայց ի վերջո պետք է հասկանանք, որ Բաղրամյան պողոտան երկար փակ պահել էլ չի կարելի: Այստեղ էլ ուրիշ խնդիր է առաջ գալիս՝ եթե Բաղրամյանի ցուցարարների դեմ ուժ կիրառվի, ապա քաղաքական օրակարգ կառաջանա. ծեծվածը ծեծողի հրաժարականն է պահանջելու»,- հավելեց նա: