29/06/2015 00:47
Տղաների պայքարը շատ մաքուր էր, կար նպատակ, կար իսկապես ազնիվ մղում. Վահրամ Սահակյան
«Երբ երիտասարդը պայքարում է, ապա պետք է պայքարը տանի մինչև վերջ, բայց երբ նույն պայքարը դառնում է ինքնանպատակ, ինչպես եղավ նախկինում՝ որոշ ցույցերի դեպքում, իհարկե, խրախուսելի չէ»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ Վահրամ Սահակյանը՝ խոսելով այս պահին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ցույցը այսօր երեկոյան այլ ընթացք ստացավ. ցուցարարների մի մասը որոշեց գնալ Ազատության հրապարակ՝ նստացույցը շարունակելու, մի մասն էլ որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում և պայքարը շարունակել այնտեղ:
«Տղաների պայքարը շատ մաքուր էր, կար նպատակ, կար իսկապես ազնիվ մղում…Չէի ցանկանա, որ երիտասարդների շրջանում առաջանար բաժանում, ատելություն` մեկը մյուսի նկատմամբ, միայն այն պատճառով, որ եթե մեկ ուրիշն այդ ժամանակ ցույցերին չի գալիս, այնտեղ չի կանգնում, ուրեմն իրենցից չէ: Հանկարծ ինչ-որ մեկը` կլինի շարժման մասնակից, թե համակիր, չկարծի, թե մեզնից մեկը եթե այնտեղ չէ, ուրեմն համակիր չէ, որովհետև ամեն մարդ իր ռինգը պետք է ունենա:
Եթե կա իրեն արվեստագետ համարող, որը ոչինչ չի անում արվեստում, այլ միայն գնում է միտինգի, նման մարդը, իմ կարծիքով, իրավունք չունի մտավորական կամ ստեղծագործող կոչվելու, նա ոչինչ է, նա անուն-ազգանուն չունեցող մարդ է: Այդպիսի մարդկանց ես շատ գիտեմ: Ոնց կարելի է ռեժիսորի ազգանունն իմանալ միայնակ այն ժամանակ, երբ նա ասենք պառկած է ասֆալտին»,- ասաց Վահրամ Սահակյանը:
Վահրամ Սահակյանը կիսում է այն կարծիքը, որ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀԷՑ-ում ադուդիտ սկսելու վերաբերյալ արված հայտարարությունը կարող է տարբեր կերպ ընկալվել:
«Չէի ցանկանա այդ ամենից հետո հավաքվածները երկփեղկվեին, որովհետև յուրաքանչյուր առողջ շարժում քայքայվում է հենց այն պահից սկսած, երբ մարդիկ բաժանվում են, դառնում է երկու գաղափար: Ինձ թվում է՝ պետք է գնալ նախագահի հետ քննարկումների»:
Իսկ մնա՞լ փողոցում և պայքարը շարունակել հարցին դրամատուրգն այսպես արձագանքեց. «Չեմ կարող ասել՝ այս պահին երիտասարդները մնան փողոցում, պայքարը շարունակեն, և դա ինչի կհանգեցնի, ուզում եմ` մարդիկ գնան, շարունակեն ապրել բնականոն կյանքով: Ասենք, եթե երեք ամիս մարդիկ գնան միտինգի, պարալիզացնեն քաղաքը... սա վնաս է հասցնում մեզ ու մեր տնտեսությանը:
Եթե մարդը չի հասկանում «մեզ»-ը որն է, ասում է` այս պետությունը իմը չէ, երեխային բանակից փախցնում է` ասելով, որ լավ չի, նշանակում է, որ նա չի հասկանում իր արածի հետևանքը, չի գիտակցում, որ դա իրեն շահավետ չէ և պարալիզացրել է պետությունը:
Պետք է անպայման ասել ու գիտակցել միշտ` պետությունը դա իշխանությունը չ է, դա մենք ենք, բոլորս»: