29/06/2015 11:00
Փոխվարչապետ. Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ սակագնի օբյեկտիվ հաշվարկ լինի, իսկ տեղեկատվությունը՝ թափանցիկ
Էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումները, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությանը և ՀԷՑ-ում տիրող վիճակին, կլինեն թափանցիկ, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հասանելի բոլորին: Այս մասին «Հայլուրին» ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Երկու խորհրդատվություն է լինելու: Մեկը ՀԷՑ-ին աուդիտի ենթարկելն է. արդյոք կա՞ն վատնումներ, չարաշահումներ, թե՞ չկան: Երկրորդը ավելի շատ վերաբերում է կարգավորողի ՝ ՀԾԿՀ-ի գործունեությանը. արդյոք հանձնաժողովը ճի՞շտ է կատարել հաշվարկները և իր առջև դրված խնդիրները»,- ասել է փոխվարչապետը:
Վ. Գաբրիելյանն ընդգծել է, որ կառավարությունն աուդիտի անցկացման ամբողջ ընթացքում 6,93 դրամի բեռը վերցնելու է իր վրա, բայց եթե եզրակացությամբ նշվի, որ թանկացումն օբյեկտիվ չէր, ապա ՀԷՑ-ին տված գումարները հետ է վերցնելու:
«Միանշանակ, կարող եմ հայտարարել, որ դրա արդյունքում ոչ մի սոցիալական կամ այլ ծախս չի կրճատվի»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգի խնդիրներին, ապա դրանք, ըստ Գաբրիելյանի, միշտ էլ կառավարության ուշադրության կենտրոնում են եղել, պարզապես, վերջին զարգացումները բերեցին նրան, որ ոլորտի վերաբերյալ հանրային քննարկումները այսուհետ լինեն շատ ավելի մանրամասն և համապարփակ:
Փոխվարչապետը հայտնել է նաև, որ ՀԾԿՀ որոշումը քննարկվելու է երկու տեսանկյունից. արդյոք ճիշտ էին հաշվարկները և որոնք կլինեին սակագինը չթանկացնելու հետևանքները: «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օբյեկտիվ հաշվարկ լինի և տեղեկատվությունը տրամադրվի հանրությանը: Մեծ ուրախությամբ կընդգրկենք փորձագետների, հանրային մեծ ակտիվություն ցուցաբերող երիտասարդների, որ վստահությունն ամրապնդվի: Սա կարևոր է, որպեսզի ինքնակազմակերպում տեղի ունենա, առաջ գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն ծանրության այդ բեռը»,- եզրափակել է Վ. Գաբրիելյանը: