29/06/2015 13:27
Քաղաքում շներն ավելի քիչ են, քան՝ լրտեսները. Քանդակագործ
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը հպարտորեն հայտարարում է, որ մենք ունենք լավ երիտասարդություն: «Ես հպարտանում եմ Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներով: Ես տնտեսագետ չեմ, բայց հասկանում եմ, որ եթե մի բան, որ մեր երկիրը կարող է պարտադրի, չի անում, գնում ուրիշից է գնում ու կրկնապատիկ թանկ ծախում մարդկանց վրա, ուրեմն այդ ներկրողներն են թելադրում մեր երկրի տնտեսությունը»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով վերջին զարգացումներին ու Բաղրամյան պողոտայում ընթացքող բողոքի ակցիաներին, նման տեսակետ հայտնեց նա:
Հ. Շահումյանը անգամ տարակուսում ու զարմանում է, թե ինչու է ՀԷՑ-ը տնօրինում Ռուսաստանը և կասկածելի է համարում անգամ Բիբինի հայտնվելը Հայաստանում. «Ռուսաստանն իրա տնտեսությունը չի կարողանում ոտքի հանել, մենք իրանցից կառավարիչ ենք բերում, որը էնտեղ մերժված է և մեղադրվում է խարդախությունների մեջ: Փաստորեն, էդ արիշ-վերիշներին լավ ծանոթ ա, ինչի՞ մինչև հիմա իրան չեն ստուգում»:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, թե ՀԷՑ-ի հետ կապված բոլոր խնդիրները նորություն չեն և խնդիրն այստեղ միայն Բիբինը չէ: Նա համոզված է, որ այդ թալանը շարունակվում է արդեն 25 տարի. «25 տարի մեզ հետ հավասար ընթանում է էդ թալանը: Հայաստանում միշտ կառապանին են փոխում, պետք է կառքը փոխել, կառքը: Քաղաքական ճանապարհը միշտ գնացել է տգիտության ճանապարհով ու ընկել անդունդը: Ո՞վ ասաց, որ մենակ Բիբինն ա կերել, հլը մնացածին նայեք, գիտեք ինչքան շատ կան «յան» ազգանուններով ուտողներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է նախևառաջ երկրի զարգացման ծրագիր մշակել:
Քանդակագործի խոսքով՝ ինքը ակցիայի հենց առաջին օրից մտավախություն է ունեցել, որ Հայաստանում կկրկնվի ուկրաինական «Մայդանը», քանի որ ուժեր կան, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ «Քաղաքում շները ավելի քիչ են, քան՝ լրտեսները»,- ասաց նա՝ ընդգծելով և հորդորելով զգոնություն ցուցաբերել: Իսկ հարցի լուծումը Ֆ. Առաքելյանը տեսնում է միայն միայն մեկ՝ քաղաքակիրթ ճանապարհով, այն է, թե՝ հայտարարված աուդիտի միջոցով։
«Դա կտևի երկար ամիսներ, բայց պետք է սպասենք դրա արդյունքներին, որից հետո նոր հասկանանք մեր անելիքները»,- հավելեց նա։
Իսկ գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ իր հերթին հավելեց՝ նախ պետք է ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի հարցը լուծել, որից հետո ծրագիր մշակել: «Մի Բիբինն ինչ է, որ չեն կարողանում հախից գալ ու հարցը լուծել:Անգամ ԱԺ-ի հրավիրած քննարկումներին չի ներկայանում: Ի՞նչա նշանակում ջուրը տանք իտալացուն, էլեկտրաէներգիան՝ ռուսին, կոնյակը՝ ֆրանսիացուն: Կլուծվի հարցը այն ժամանակ, երբ ամեն ինչ հայ ժողովրդին վերադարձվի: Այ էս հարցն է ամենակարևորը, որը պետք է քննարկել»,- եզրափակեց նա: