30/06/2015 17:17
Մասնավոր լողափերի վրա մենք որևէ ազդեցության լծակ չունենք. Ա. Ավալյան
Բոլոր հանրային լողափերի մոտ տեղադրված են հատուկ ուղեցույցեր, որոնք ցույց են տալիս հանրային լողափերի վայրը: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին հավաստիացրեց ՀՀ բնապահպանության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:
Վերջինիս խոսքով՝ ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերից երկուսը նախկին Սևանի քաղաքային լողափերն են, որոնք գտնվում են Հարսնաքարի հարևանությամբ, իսկ մյուսը՝ բոլորին հայտնի նախկին Ֆլամինգո լողափն է: Մնացած բոլոր լողափերը գտնվում են Ծովագյուղ, Դրախտիկ, Շորժա, Կաթնաղբյուր, Ջրաշեն համայնքների հարևանությամբ:
Aysor.am-ի դիտարկմանը՝ տարեցտարի ավելանում է հանրային լողափերի թիվը, բայց դրան զուգահեռ ավելանում է նաև այն մարդկանց թիվը, ովքեր հավելյալ գումարներ են գանձում, Ա. Ավալյանը հավաստիացրեց, թե հանրային լողափերում հավելյալ գումարներ գանձելու խնդիր չկա:
«Հավանաբար այդ մարդիկ հանրային լողափերը շփոթում են մասնավորների հետ: Հանրային լողափերում ոչ հավելյալ, ոչ էլ առհասարակ գումարներ որևէ մեկը չի գանձում: Սևանի ափին՝ բացի թվարկված լողափերից, որոնք բացարձակապես անվճար են, գործում են նաև մասնավոր լողափեր, որոնք բինզնես գործունեություն են ծավալում: Մենք դրանց վրա որևէ ազդեցության լծակ չունենք և չենք կարող վերահսկողություն իրականացնել: Այդ լողափերի հետ մենք ունենք միայն մրցակցության խնդիր, որը փորձում ենք հնարավորինս արագ լուծել: Մասնավորների գործը փող աշխատելն է, իսկ մերը՝ սոցիալական խնդիր լուծելը: Մենք նրանց գնային քաղաքականության վրա ազդելու լծակներ նույնպես չունենք: Ու թեև հանրային լողափերը մրցակցության մեջ են մեկը մյուսի հետ, բայց մենք այսօր կարողանում ենք նաև այնպես անել, որ թվով ավելի շատ մարդիկ են գալիս և հանգստանում հանրային լողափերում: Կարծում եմ՝ հանրային լողափերի ավելացումը հետագայում կանդրադառնա մասնավորի գնային քաղաքականության վրա և մասնավորների գները նույնպես կիջնեն»,- ասաց նա: