30/06/2015 17:00
Բաղրամյան պողոտայում փակ քննարկում էր. Պայքարը կշարունակվի
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ավարտվեց ակտիվիստների փակ քննարկումը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում այս պահին գտնվում են նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ովքեր փակ քննարկում են հրավիրել այն քաղաքացիների հետ, ովքեր չէին լքել Բաղրամյան պողոտան:
«Ոչ թալանին նախաձեռնող խումբը հասցրել է ընկերանալ ակցիայի բոլոր մասնակիցների հետ»,-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Բաղրամյանում հավաքված ակտիվսիտներից Սուրեն Սահակյանը: Նա ասաց, որ մամուլում տարածված բոլոր այն տեղեկությունները, թե մարդիկ Բաղրամյանում վիճում են միմյանց հետ, շարժումը պառակտվել է և այլն, և այլն, այդ բոլոր լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ս. Սահակյանի խոսքով՝ բոլոր տարաձայնությունները հարթվել են փակ քննարկման ժամանակ և ակցիայի բոլոր մասնակիցները այսուհետ ևս կմասնակցեն բողոքին: «Ենթադրում եմ, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հետ կգան ու կմասնակցեն այս ակցիային, և կշարունակեն պայքարը Բաղրամյան պողոտայում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում Ոչ թալանին նախաձեռնութան եթե ոչ բոլոր անդամները, ապա մի քանիսը պարբերաբար եղել են Բաղրամյանում և մասնակցել են նստացույցին:
«Վստահ եմ, որ շարունակելու են այդ պայքարը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք քննարկվել են աուդիտի անցկացման վերաբերյալ հարցեր, Ս. Սահակյանը հայտարարեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել, սակայն ասաց, որ իր սուբյեկտիվ կարծիքով, այդ հայտարարությունից հետո ևս ցուցարարների մոտ ոչինչ չի փոխվել և նրանց բոլոր 3 պահանջներն անփոփոխ են մնացել: «Իմ տեսակետը նույնպես համընկնում է այդ տեսակետի հետ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ այդ պարտքերը կմարվեն արտաբյուջետային միջոցներով, Ս. Սահակյանը նկատեց. «Ինչ տարբերություն. Արտաբյուջետային միջոցները նույնպես նույն հարակատուների միջոցներն են: Ոնց որ աջ գրպանից փող ուզեն, չտաս, հանես թաքուն ձախ գրպանից տաս»: