30/06/2015 13:51
ԵԽԽՎ-ից հետո. Ինչպե՞ս հաջողվեց հաղթել Միլի մեջլիսի դուստր ձեռնարկությանը Եվրոպայի խորհրդում
Այդ զեկույցը գերնպատակ ուներ ոչ թե անդրադառնալ Ադրբեջանում ժողովրդավարության հետ կապված իրական իրավիճակին, այլ այդ զեկույցում զետեղել «Լեռնային Ղարաբաղի և յոթ տարածքների օկուպացիայի» վերաբերյալ պարբերությունը: Եվ Ադրբեջանը պատրաստ էր ամեն գնով հասնել դրան, որ այդ պարբերությունը մնա զեկույցում` անգամ համաձայնելով դրանում ներկայացնել Ադրբեջանում տիրող առկա խայտառակ վիճակը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«Այս հաղթանակում ես եռամիասնության փայլուն աշխատանքն եմ տեսնում` սփյուռքի, եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության: Մենք, մի թիմ դարձած, համախմբված աշխատանք ենք կատարել ու յուրաքանչյուրը փորձել է իր ներուժի լարումով հասնել այս արդյունքի»,- ասաց Հ. Նաղդալյանը` հատուկ առնձնացնելով հատկապես պատվիրակության ընդդիմադիր անդամների աշխատանքը` Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի, Արմեն Ռուստամյանի:
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ հեռու է Ադրբեջանին վերաբերող զեկույցի կարևորությունն անտեղի մեծացնելու ու ուռճացնելու մտքից, ինչպես նաև չի ուզում թերագնահատել այն: Բայց մեկ բան հստակ է՝տվյալ փաստաթղթի քաղաքական նշանակությունը շատ բարձր էր.
«Այդ ձևակերպումը դրված էր որպես գերնպատակ, Ադրբեջանը լուրջ ջանքեր էր գործադրել: Կարծում եմ, որ ԵԽԽՎ-ին անդամակցության օրվանից մինչ օրս Ադրբեջանի քայլ առ քայլ արված գործերի գագաթնակետը պետք է դառնար այս բանաձևը, եթե անցներ»:
Հ. Նաղդալյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում, կարծես թե, գիտկցում են, որ ժամանակն է կանգնեցնել Ադրբեջանի կողմից կաշառումների գործընթացը, և դա պետք է ազդանշան լինի մեր պատվիրակության անդամների համար, որպեսզի կարողանան պրպտել ու գտնել ազնիվ պատվիրակների:
«Իրենք արդեն հասկանում են, որ այս իրավիճակը այլևս նսեմացնող է»,- ընդգծեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ուզում է հատուկ շեշտադրել այն, որ այս ամենը պատվիրակության ճիշտ և գրագետ աշխատանքի, եվրոպական երկրներում մեր դեսպանների ու սփյուռքի մեր մի քանի կառույցների հրաշալի ու միասնական աշխատանքի արդյունք էր.
«Այն, ինչ արեց Լևոն Զուրաբյանը լիբերալների խմբում, ուղղակի աննախադեպ էր, ինչպես նաև այն, ինչ արեց Արմեն Ռուստամյանը սոցիալիստների խմբում: Բոլորս գերլարումով աշխատեցինք, քանի որ հասկանում էինք, որ չենք կարող թույլ տալ փաստաթղթում սպրդի մի նախադասություն, ինչպիսին երբևէ չի արձանագրվել ԵԽԽՎ որևէ փաստաթղթում»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Երկրորդ դիտարկումը, որ արեց ԲՀԿ-ական պատգամավորը, վերաբերում էր այն հանգամանքին, որ թե Ստրասբուրգ մեկնելուց առաջ, թե նաև մեկնելուց հետո իրենց հասցեին հնչում էր քննադատություն` անարդյունավետ գործելու մասով: Ըստ այդմ էլ պատգամավորը հայտարարեց, որ եթե խորհրդարանում կա մեկ պատգամավոր, որը վստահ է իր ուժերի վրա, որ կարող է Ադրբեջանի կողմից պատանդ վերցված Եվրոպայի խորհրոդում ավելի արդյունավետ աշխատել, ապա ինքը պատրաստ է պատվիրակությունում իր տեղը զիջել այդ պատգամավորին.
«Ճիշտ չէ մտածել, թե մթնոլորտ է փոխվել ԵԽ-ում, քանի որ, կրկնում եմ, Եվրոպայի խորհուրդն այսօր Ադրբեջանի կողմից պատանդ վերցված կառույց է, Միլի մեջլիսի դուստր ձեռնարկություն»,-շեշտեց նա` հավելելով, որ ադրբեջանցիները սեպտեմբերյան նստաշրջանին ևս խավիարների հսկա տուփերով և դոլարներով են այցելելու Ստրասբուրգ՝ ավելի եռապատկված ջանքերով:
Իսկ այն, շարունակեց Ն. Զոհրաբյանը, որ անմիջապես այդ զեկույցի տապալումից հետո հայտարարություն եղավ, թե Ադրբեջանը հնարավոր է դուրս գա կառույցից, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է շանտաժին և մինչև սեպտեմբեր նմանատիպ շանտաժային դրսևորումներ շատ կլինեն:
Պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ համաձայնեց իր գործընկերների հնչեցրած գնահատականների հետ.
«Իրականում պետք էր լինել Ստրասբորգում և տեսնել ՀՀ պատվիրակության աշխատանքը, որի արդյունքում Ադրբեջանը իր բոլոր լոբբիստներով մինչ քվեարկության ժամը ուղղակի ցայտնոտի մեջ էր՝ գտնելու մեկին, ում հնարավոր կլինի կաշառել»:
Ա. Հովհաննիսյանը հավաստիացրեց նաև, որ այս աշխատանքը անշուշտ կլինի հետևողական ու ծանր, քանի որ Ադրբեջանը իր ջանքերի գերմոբիլիզացիա է հայտարարելու սեպտեմբերին:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ամառային նստաշրջանում Ադրբեջանին չհաջողվեց հաջողության հասնել և Հայաստանին բացարձակապես առնչություն չունեցող զեկույցում իր քիմքին հարիր պարբերություն անցկացնել: Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող զեկույցից դուրս բերվեց Հայաստանի համար անընդունելի՝ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» պարբերությունը։