30/06/2015 11:43
Խնդիրները լուծելու լավագույն գործիքը երկխոսությունն է. Հովիկ Աբրահամյան
Տնտեսական քաղաքականության մեջ վերջին շրջանում կա երկու միտում, առաջինը՝ հոռետեսություն, բացասական տրամադրություններ, և երկրորդը՝ մեզնից չկախված հանգամանքներ: Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են: Տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Անընդհատ նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, Հայաստանն էլ բացառություն չէ: Նրանք, ովքեր ամեն օր սրճարաններում զբաղված են կառավարության գործունեությունը քննադատելով, շատ դեպքերում, չեղածը իրենց վերագրելով, չեն նպաստում իրենց գործունեությամբ»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Հայաստանը, շարունակեց խոսքը երկրի վարչապետը, կարիք ունի բոլոր շահագրգիռ ուժերի համախմբման: «Անգամ շատ սուր քննադատություններին, եթե դրանք հիմնավոր են, ես շատ լավ եմ վերաբերվում: Ես պատրաստ եմ հանդիպել նրանց հետ և միասին աշխատելու եզրեր գտնել»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ լավագույն գործիքը երկխոսությունը:
Հ. Աբրահամյանն ասաց, որ ինքը հետևողական աշխատանքով իրավիճակը շտկելու կողմնակից է, և այն մարդիկ, ովքեր կիսում են իր այս տեսակետը, անկախ քաղաքական տեսակետից, իր համախոհներն են: