30/06/2015 14:00
Բաղրամյանում տեղի է ունենում իշխանության կողմից մսխված քաղաքական կապիտալի գեներացում․ Նազարեթ Կարոյան
Զանգվածային այսպիսի շարժման համար միայն սակագնի հարցը շատ քիչ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի կարծիքով, այնքան են կուտակվել սոցիալական խնդիրները, որ պոռթկում եղավ, զայրույթն այնքան էր կուտակված, որ միանգամից դուրս եկավ: Մարտիրոսյանի կարծիքով, սա չլիներ՝ ուրիշ ինչ-որ բան կլիներ, ամեն դեպքում՝ մարդիկ դուրս կգային փողոց: Իշխանությունների արձագանքը բանախոսը բավարար չի համարում:
Հանդիպման մյուս բանախոս, ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը էլ համոզված է, որ այսօր Բաղրամյան փողոցում տեղի է ունենում քաղաքական այն կապիտալի գեներացումը, որը մսխվել է իշխանության կողմից:
Խոսելով «կենդանի պատի» գաղափարի մասին, Կարոյանը նշեց, որ ոչինչ չունի դրա դեմ, դա կարող է մտավորականի դիրքը լինել, բայց վստահ չէ, որ եթե գործողություն լինի, այդ պատն իր գործառույթը կկատարի:
Վահրամ Մարտիրոսյանն էլ «կենդանի պատը» զավեշտալի համարեց՝ նշելով, որ նրանք, ովքեր հավաքվել են, լավ կլիներ մինչև այս «կենդանի պատ» լինեին ու ժողովրդին պաշտպանեին: Մարտիրոսյանի կարծիքով, «կենդանի պատի» մասնակիցները փոքր թեժացման դեպքում կգոլորշիանան, քանի որ դա նրանց համար ավելի շատ ինքնագովազդ է, շատերի համար էլ քավարան: