30/06/2015 16:00
Վ. Այվազյան. Հայաստանի տնտեսությանն անհապաղ ոչ ստանդարտ քայլեր են պետք
Հայաստանի տնտեսությունը հիմա ավելի բարդ իրավիճակում է գտնվում, քան` 2008-2009-թթ: Մեզ անհապաղ և գործուն քայլեր են պետք, շատ դեպքերում նույնիսկ՝ ոչ ստանդարտ, սակայն այդ քայլերը պետք է հաշվարկված լինեն: Տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ներդրումների պաշտպանվածության և խրախուսման համար պատգամավորը վարչապետին առաջարկեց ստեղծել մեկ խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, քանի որ, Վ. Այվազյանի կարծիքով, վստահությունը կարևոր հանգամանք է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Արա Նռանյանն էլ իր հերթին ասաց, ո ԵՏՄ շուկայում հայկական ապրանքները վայելում են համապատասխան հարգանք ու հեղինակություն:
Դա, շարունակեց խոսքը Ա. Նռանյանը, վերաբերում է ոչ միայն կոնյակին, այլև՝ վերամշակված սննդին ու այլ ապրանքներին:
«ԵՏՄ-ում դժվարություններ ունի ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ բոլոր անդամ երկրները, սակայն պետք չէ խաբել մեզ. պետք հասկանալ՝ դրանք լուծվո՞ղ , թե՞ չլուծվող խնդիրներ են»,- ասաց Ա. Նռանյանը:
«Այլընտրանք» հետազոտական կոնտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ իր հերթին ասաց, որ տարիներ շարունակ բարեփոխումներ են իրականացվում, սակայն պետք է դադարեցնել դրանք, որոնք պարզապես վնասում են հասարակ քաղաքացուն.
«Դրա հետևանքն արտագաղթն է»: