30/06/2015 17:25
Արտերկրից ժամանած 500 մասնագետ կմասնակցի Երևանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին
Հուլիսի 2-ից 4-ը Երևանում կանցկացվի Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից:
Հայ բժիշկների մինչև այժմ տեղի ունեցած միջազգային համագումարներն ինչ արդյունքներ են տվել, ովքեր են մասնակցում Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին, առողջապահական հատկապես որ լինելու համագումարի ուշադրության կենտրոնում, ինչ ակնկալիքներ կան 2015թ. համագումարից։ Այս և լրագրողներին հետաքրքրող էլի մի շարք հարցերին պատասխանեցին համագումարի նախագահ, Ազգային ժողովի առողջության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը։
Արա Բաբլոյանը նշեց, որ 1980 թվականից Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը, չորս տարին մեկ անգամ հայ բժիշկների համագումարներ է կազմակերպում աշխարի տարբեր երկրներում։ 2003թ.-ից ի վեր միջազգային բժշկական համագումարները յուրաքանչյուր 2 տարին մեկ հաջորդաբար տեղի են ունենում Հայաստանում և սփյուռքում։ Դրանց նպատակն է շարունակաբար զարգացնել աշխարհասփյուռ հայ բժիշկների համագործակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի առանձին ոլորտների ու բուժհիմնարկների զարգացմանը, բժիշկների վերապատրաստմանը։
ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) կողմից կազմակերպված Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը կընթանա Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո։
4-րդ համագումարին կմասնակցեն ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Լիբանանից և այլ երկրներից ժամանած 500 մասնագետ։
«Առաջին անգամ մեր համագումարին իրենց մասնակցությունն են բերել Կատարի, Ավստրալիայի, Թուրքիայի մեր հայրենակից բժիշկները»,-ասաց Արա Բաբլոյանը։ Նա շեշտեց, որ սաթելիտային 17սիմպոզիումները հնարավորություն կտան մարզային բժիշկներին փոխանցել ոլորտի նորագույն մոտեցումները՝ նպաստելով միջազգային համագործակցության ընդլայնմանը: 1500-2000 բուժաշխատողներն այդ սիմպոզիումներին կմասնակցեն անվճար:
Համագումարում կքննարկվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժությանը, ատամնաբուժությանը, բուժքույրական, առողջապահական, կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներին առնչվող հարցեր։ Կանդրադառնան ուռուցքաբանության և վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումներին, տեխնոլոգիական առաջընթացներին, որոնք արմատապես բարեփոխում են առողջապահական ոլորտը: Ուշադրության կենտրոնում կլինեն հանրային առողջապահական հիմնախնդիրները։
Համագումարի մեկ օրը կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:
Նշվեց, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դրան կհաջորդի «Հայաստանի բուժաշխատողի օրվան» նվիրված միջոցառումը` համերգային ծրագրով։