30/06/2015 09:30
Գագիկ Մինասյան. Նախագահի կողմից ցուցարարների պահանջին տրվել է համալիր լուծում
«Նախագահի կողմից ցուցարարների պահանջին տրվել է համալիր լուծում՝ միակ տրամաբանական մեխանիզմով: Եթե ցուցարարները կամ նրանց մի մասը սա չեն ուզում ընդունել, ես պետք է մտածեմ, որ նրանք կամ այլ հարց էին հետապնդում, կամ հիմա իրենց հարցադրումը փոխում են»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսվարող սուբյեկտներն առայժմ ազատվում են բարձրացման հետևանքով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի բարձր սակագին վճարելուց:
«Սա չափազանց կարևոր է, որովհետև մի կողմից՝ մեր քաղաքացիներն իրենց ընտանեկան բյուջեից հավելյալ գումար չեն ծախսելու, մյուս կողից՝ մեր տնտեսվարող սուբյեկտներն իրենց ապրանքների և ծառայությունների համար մեր քաղացիներից հավելյալ գումար չեն պահանջելու, այսինքն՝ հավելյալ գնաճ տեղի չի ունենալու: Բայց սա ամբողջը չէ: Ամբողջը կայանում է նրանում, որ մեր երկրում արտադրված ապրանքներն ու ծառայությունները շարունակելու են լինել մրցունակ, այսինքն՝ նրանց ինքնարժեքը չի բարձրանալու»,- ասել է Մինասյանը: