30/06/2015 12:34
ԳԹԿ տնօրեն. Միասնական քննությունների առաջին փուլում ունեցել ենք 11803 դիմորդ
Այս տարի միասնական քննությունների առաջին փուլում ունեցել ենք 11803 դիմորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն՝ ամփոփելով միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքները:
Նրա խոսքով՝ քննությունների ընթացակարգից արտառոց շեղումներ չեն եղել, ունեցել են 10 քննական կենտրոն Երևանում, 34-ը՝ մարզերում, իսկ դիմորդների ամենաշատ բաշխումը եղել է Երևանում, որից հետո Գյումրիում և Վանաձորում:
Ըստ առարկաների դասակարգման՝ առաջին տեղում է Հայոց լեզու և գրականություն առարկան, մաթեմատիկան, անգլերեն լեզուն, ֆիզիկան, իսկ իտալերեն և պարսկերեն լեզուներն ընդհանրապես դիմորդ չեն ունեցել:
Գ. Մելիքյանի խոսքով՝ առաջին փուլի բացակայությունը 1088 է եղել, որոնք կարող են գալ և մասնակցել երկրորդ փուլին: Այն կսկսվի հուլիսի 2-ին և կավարտվի 8-ին:
64 դիմորդ քննասենյակում ընդհատել է քննությունը, նրանք ևս կարող են մասնակցել երկրորդ փուլի, որին դիմել են 840 հոգի: Գ. Մելքիյանը տեղեկացրեց, որ քննությունից հեռացվածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. «Քննասենյակից հեռացվել է ընդամենը վեց երեխա, իսկ պատճառը այն էր, որ նրանց մոտ հայտնավերվել են բջջային սարքեր»,- ասաց նա:
Նա ասաց, որ այս պահին երկրորդ փուլի դիմորդների թիվն ավելին է անցյալ տարվա համեմատ:
Անդրադառնալով դիմորդների թվով առաջատար բուհին՝ Գ. Մելիքյանն ասաց, որ ինչպես անցած տարիներին, այս տարի ևս ԵՊՀ-ն առաջատարն է, իսկ անցած տարվա համեմատ այս տարի պոլիտեխնիկում դիմորդների թվի աճ է գրանցվել. «Շատ վատ վիճակում են մասնավոր բուհերը, 30 մասնավոր բուհերից միայն 9-ը բուհ դիմորդ ունի»:
ԳԹԿ տնօրենը նաև ասաց, որ դիմում-բողոքներն ակնհայտորեն նվազել են և այս տարի առաջին փուլի համար եղել է 270 դիմում՝ անցյալ տարվա 483-ի դիմաց:
«Սա նշանակում է, որ վստահությունը մեծացել է»,-ասաց նա: