30/06/2015 16:07
«Հանրային լողափերի արդյունավետությունը նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը»
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ տարի ամբողջ լողաշրջանի ընթացքում հանրային 11 լողափերից օգտվել է շուրջ 200 հազար մարդ: Այս ցուցանիշները խոսում են, որ հանրային լողափերի արդյունավետությունը նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը: Հանրային լողափերը մասնավոր լողափերից տարբերվում են միայն նրանով, որ դրանք բացարձակ անվճար են:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ բնապահպանության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը տեղեկացրեց, որ այս տարի հանրային լողափերի թիվը ավելանալու է ևս մեկով:
Հիշեցնենք, որ հանրային լողափերը գործում են հուլիսի մեկից մինչև օգոստոս ամսվա վերջ:
Նոր հանրային լողափը, որի տարածքը կազմում է շուրջ 9 հա տարածություն, Սևանում կլինի թվով 12-րդը և բացարձակ անվճար: Նշենք, որ հանրային լողափի բացումը կլինի վաղը:
Աշոտ Ավալյանի խոսքով՝ այն ևս կլինի ծառայությունների մատուցմամբ, սակայն ոչ՝ համապատասխան կահավորմամբ: Պարոն Ավալյանի հավաստամամբ՝ կահավորման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Նա նաև տեղեկացրեց, որ գալիք տարիների ընթացքում ևս հանրային լողափերի թիվը կավելանա ևս մի քանիսով: «Այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, սակայն շուտով կավարտվեն նաև այդ աշխատանքները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրային լողափերի ավելացումը կբերի նրան, որ մասնավոր լողափերը կվերանայեն իրենց գնային քաղաքականությունը»,- ասաց նա:
Ավալյանի խոսքով՝ նախորդ 11 հանրային լողափերից 7-ի տարածքները հատկացվել են ՀՀ կառավարության կողմից, իսկ մնացած 4-ը՝ Սևան ազգային պարկի ենթակայության տակ գտնվող տարածքներ են, որոնք այս պահին վարձակալությամբ տրված չեն և տրամադրվել են որպես հանրային լողափեր: Դրանք հիմնականում նախատեսված են երկարատև հանգստի համար, որտեղ գործելու են փրկարարական ծառայություն, բուժկետ, մանկական խաղահրապարակ, մարզվելու համար նախատեսված տարածքներ, սանհանգույց և այլն: Այս տարածքների անվտանգությունն ապահովված է: Իսկ մնացած 8-ը նախատեսված են կարճատև հանգստի համար: «Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ բնակիչների հոսքը հիմնականում լինում է դեպի այն հանրային լողափեր, որտեղ գործում է ծառայությունների մատուցում: Նոր hանրային լողափը կգործի Ծովագյուղի հարևանությամբ: Սա կլինի մինչև հիմա գոծող հանրային լողափերից ամենամեծը»,- հավելեց նա:
Ա. Ավալյանի հավաստմամբ՝ հանրային լողափերի խնդիրները գտնվում են նախարարի ուշադրության և վերահսկողության կենտրոնում: Ինչ վերաբերքում է լողափերի մաքրությանը, ապա Ավալյանը նշեց, որ որքան էլ այս ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, մարդիկ այդ հարցին լուրջ չեն վերաբերվում: «Մեր հասարակությունը պետք է սովորի մաքուր պահել շրջակա միջավայրը»,- եզրափակեց նա: