30/06/2015 09:42
Գազի և էլեկտրաէներգիայի թանկ լինելը աննպատակահարմար է դարձնում «Նաիրիտի» վերագործարկումը
«Նաիրիտի» վերագործարկումն ու շահագործումը աննպատակահարմար լինելու կարևորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի թանկ են, քան այդ ոլորտում մեր մրցակից երկրներում:
Այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամիսներ շարունակ ուսումնասիրություններ անցկացրած փորձագետները, որոնք պատրաստել և օրերս հրապարակել են «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» զեկույցը:
Ըստ փորձագետների, վերագործարկելու դեպքում «Նաիրիտի» արտադրանքը կունենա աշխարհում ամենաբարձր ինքնարժեքներից մեկը «...էլեկտրաէներգիայի և գազի բարձր գների պատճառով, որոնք ամենաբարձրներից են տվյալ ոլորտում»: Սա հետաքրքիր է այն առումով, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի էժան են, քան այլուր»,- գրել է «Հայկական Ժամանակը»: