30/06/2015 13:00
«Ոչ թալանին». Եկավ պահ, երբ պետք էր մի փոքր այլ հարթություն տեղափոխել պայքարը
Կիրակի օրը Բաղրամյան պողոտայում ոչ մի հակառակ բաներ չեն եղել: Մենք հավաքի մասնակիցներից կարծիքներ ենք հարցրել ու դրանք բաժանվել են երկու մասի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը՝ մանրամասնելով.
«Այո, քաղաքացիների մեծ մասը որոշեց մնալ Բաղրամյանում, բայց եղավ նաև խումբ, որը ցանկանում էր իջնել Ազատության հրապարակ ու մենք այդ մյուս խմբի համար էլ էինք պատասխանատու: Այնպես որն նրանց իջեցրեցինք Ազատության հրապարակ»,- ասաց Արթուր Քոչարյանն՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ իրենք անընդհատ լինում են Բաղրամյանում:
Նախաձեռնության անդամի խոսքով՝ եկավ մի պահ, որից հետո պետք էր մի փոքր այլ հարթություն տեղափոխել պայքարը.
«Հիմա մենք մի քիչ այլ հարցերով ենք զբաղվում: Մենք մարզերի հետ էլ պիտի հանդիպումներ ունենք, իրավաբանների, տնտեսագետների հետ պետք է խոսենք: Քննարկումներ անենք»,- ասաց Արթուրը:
Նրա խոսքը շարունակեց նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Սոֆիա Հովսեփյանը՝ նշելով, որ ի վերջո կարիք կար հասկանալու, թե ինչ է կատարվում.
«Մեզ պետք էր հասկանալ արդյոք այն մանիպուլացիան, որ արեց երկրի ղեկավարը՝ դրանում կա՞ կառչելու տեղ: Մի իրավիճակ էր, որ Բաղրամյանում նստած չէինք կարող լուծվել»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը: