30/06/2015 12:15
Օսիպյան. Ոստիկանությունը կարող է օրենքով վերապահված մեթոդներով կարգի հրավիրել, բայց չի ուզում
Կարծում եմ՝ շատ ճիշտ կլիներ, որ համախմբվեիք, գնայիք այլընտրանքային տարածք, օրինակ` Ազատության հրապարակ: Բնակիչները բողոքում են, ի վերջո ինչքա՞ն կարող եք փակ պահել կենտրոնական պողոտան: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Այստեղ կային երիտասարդներ, որոնք պայքարում էին իրենց առաջադրված խնդրի շուրջ, և ես անձամբ ուրախ եմ, որ նման հայտարարություն եղավ մեր երկրի նախագահի կողմից… միացեք: Հիմա արդեն ձեր մեջ հակասություններ կան` մի մասը գնաց օպերա, մի մասը մնաց այստեղ, բայց համախմբվեք, մասնակցեք այդ ամենին»,- ասաց նա` հորդորելով հեռանալ ցուցարարներին: Նաև ընդգծեց, որ ոստիկանությունը իրավիճակի հանգուցալուծումը թողել է ցուցարարների որոշմանը.
«Մենք թողել ենք ձեր ինքնագիտակցությանը, մենք կարող ենք օրենքով մեզ վերապահված մեթոդներով կարգի հրավիրել, դա անել, բայց չենք ուզում, անկեղծ եմ ասում: Բաղրամյան պողոտան եղել է, կա ու կլինի, բայց բնակիչները բողոքում են»,- շեշտեց նա:
Ցուցարարներից ոմն Վահագ, դիմելով Վ. Օսիպյանին հայտարարեց, որ իրենք լսեցին իր հորդորը և քաղաքացիները, որոնք եկել են այստեղ իրենց դժգոհության ձայնը բարձրացնելու, կպատասխանեն նրան:
Նշենք, որ Բաղրամյանում գիշերն անցել է խաղաղ: