30/06/2015 10:24
Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես, ձգվիր. Ոստիկանապետը՝ Շահեն Հարությունյանին
Այսօր ևս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առավոտյան այցելել է Բաղրամյան պողոտա և զրուցել ցուցարարների հետ: Դիմելով նրանց ոստիկանապետը հեգնեց. «Բա ուր է մեր կենդանի «շիտը», չեն վախենո՞ւմ ոստիկաններից, որ հեսա կկոտորեն: Բացե՞մ, թե էլի սպասեմ, ձեզ հոգնացնեմ: Էսքանդ եք մնացե՞լ, որ դիմադրողականություն ունեք, մնացածը բոլորը հիասթափվել են այս ամենից: Մեկ ասում են ամոթ է, մեկ էլ՝ թող մեր հասարակությունը սովորի հանդուրժողականություն: Ինչքան մարդ կլինեն՝ մի 70-60»,- հետաքրքրվեց Վ. Գասպարյանն ու հետաքրքրվեց, թե որտեղ են Նախախորհրդարանի անդամները.
«Էն մեր սերնդի ծերուկ ավազակներն այստեղ չե՞ն: Նրանք գալիս խառնում, թողնում գնում են... կռված տղերքը: Կռված տղերքը կռվարարություն չեն սիրում: Կռիվ տեսած տղերքը խաղաղություն են սովորեցնում, այլ ոչ թե գալիս են «մուտիլովկեքով» են զբաղվում: Թող Աստված մեր արդարությամբ մեզ դատի, իսկ իրենց արդարությամբ գթա ու ների, քանզի մոլորյալ են ու չգիտեն, թե ինչ են անում»,- նշեց ոստիկանապետը:
Ցուցարարների մեջ նա նկատեց նաև Շանթ Հարությունյանի որդուն, և նրան խորհուրդ տվեց հանդարտվելու: «Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես: Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, և շատ խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ: Խելառությունդ պահիր»,- ասաց նա, այնուհետև ձեռքը սեղմելով կրկնեց. «Շահեն, լավ եղիր»: