01/07/2015 14:29
Քաղաքագետ. Իշխանությունները Բաղրամյան պողոտայի դեպքում սխալ գործեցին
Սոցիալական կարգախոսների հետևից մարդիկ շատ են գնում, քանի որ սոցիալական բեռի ավելացումը խփում է յուրաքանչյուրի գրպանին, այսինքն՝ նման դեպքերում հեշտ է հավաքել մարդկանց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը.
«Եթե փակվում են բողոքի այլ ճանապարհները մարդիկ դուրս են գալիս փողոց: Դա տեղի է ունենում, երբ, օրինակ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները թույլ են, դադարում են գործել, իշխող ուժը գրավել է ողջ քաղաքական դաշտը: Մեզ մոտ սա արդեն ավանդույթ է դարձել»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած փոփոխություններին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ որևէ պառակտում հավաքի մասնակիցների միջև չի տեսել.
«Չեմ տեսնում պառակտռում, քանի որ ի սկզբանե նրանք միասնական չեն եղել»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:
Անդրադառնալով պայքարի հնարավոր քաղաքականացմանը՝ բանախոսը սխալ համարեց Մայդանի ու պողոտայի միջև համեմատությունները:
«Բաղրամյանում լիովին այլ բան է: Այնտեղ կանգնած են մարդիկ, ովքեր սովոր են իրենց դժգոհությունն այտահայտել այդկերպ»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունները ստեղծված իրավիճակում ի սկզբանե սխալ գործեցին.
«Ցրելուց հետո պետք է հասկանային, որ մարդիկ էլի կհավաքվեն: Հիմա ոստիկաններն անցել են այլ մարտավարության՝ շփումների ու լինում է այն, ինչ լինում է»,- ամփոփեց քաղաքագետը: