01/07/2015 12:52
Շատ բան կախված է նրանից, թե ո՞ր աուդիտի մասին են խոսում. Փորձագետ
Նվազագույնը 50 %-ով կարելի է կրճատել ՀԷՑ-ի ծախսերը և 15 %-ով իջեցնել սակագինը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում չկա որևէ բիզնես, որտեղ հնարավոր չլինի 30 %-ով իջեցնել ծախսերը, իսկ ՀԷՑ-ի դեպքում՝ այդ թիվը կլինի 40 %:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի հայտին, ապա ըստ նրա, պարզ երևում է, որ դա թվաբանական աճպարարություն է:
«Դրա տակ շատ բան կա թաքնված: Կառավարման իմաստով՝ հիմա մենք շատ վատ փուլի մեջ ենք, և դա վաղ թե ուշ բերելու է պայթյունի: Եթե պետությունը մտնում է ցնցումների դաշտ, ուրեմն այստեղ գործելու է ճոճանակի էֆեկտը»,-հավելեց նա:
Անդրադառնալով «Ոչ թալանին» շարժմանն ու այն տեսակետին, թե շարժումը սկզբում քաղաքական էր, այնուհետև դարձավ քաղաքական՝ նա նշեց, որ իրականում քաղաքական դաշտն ավելի շատ ռուսամետ է, ինչը չենք կարող ասել քաղաքացիական դաշտը մասին:
«Քաղաքացիական դաշտն արևմտամետ է, իսկ իշխանավորների զգալի մասն ուղղակի մանևրում են, որպեսզի պահպանեն ունեցվածքը և, ինչո՞ւ չէ՝ զարգացնեն այն: Այս անբարոյական եռանկյունու մեջ հայ ազգն ստացել է ճակատագրական հարված: Մենք կրակի հետ ենք խաղում, որովհետև կունենանք շատ վտանգավոր փուլ»,- ասաց նա:
Փորձագետի կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր անհաջողություններ են արձանագրել իրենց կյանքում, փորձում են այսօր «գլխաքանակի» մեջ իրենց գտնել:
«Շատերն իրենց անբարոյականությամբ մարդկանց դուխաթափ են անում, ճամպրուկը վերցնում ու գնում: Դա անընդունելի է, և այսօր այդ անբարոյականությունը շարունակում ենք: Մենք այսօր կորցնում ենք մարդկանց, որոնք էլ չեն վերադառնալու: Չպետք է թույլ տալ, որ մարդիկ հիասթափվեն: Սա հայ ազգի արդարության պահանջն է, պարզապես տվյալ դեպքում հիմքը վերցրած է էլեկտրաէներգիան»,- ասաց նա:
Փորձագետի համոզմամբ՝ աուստիդը պետք է անցկացվի ՀԷՑ-ում, սակայն նախ պետք է պարզել, թե ինչ աուդիտի մասին է խոսքը գնում: «Շատ բան կախված է նրանից, թե ո՞ր աուդիտի մասին են խոսում, այն, որը լինելու է «պտիչկայի համա՞ր», թե այն, որը լինելու է աուդիտ՝ ըստ էության»: