01/07/2015 19:25
Էդվարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի ՊՆ պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, և գոհունակություն հայտնեց շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրն ասել է, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ մոտեցումներին։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շուրջ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա։