01/07/2015 19:18
Բաղրամյան պողոտայում է Նելլի Դուրյանը. Նա անհանգիստ է տեղում գտնվող անչափահասների համար
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նա նշեց, որ պողոտայում է, քանի որ անհանգստանում է տեղում գտնվող անչափահասների անվտանգության համար:
Նրա այս անհանգստությանը, սակայն, պատասխանեցին տեղում հավաքաված քաղաքացիները՝ հարցնելով, թե ինչո՞ւ է տիկին գնդապետը անչափահասների մասին հիշել հիմա և ոչ այն ժամանակ, երբ վերջիններիս ցրում էին ջրցանով կամ տանում էին ոստիկանական բաժանմունքներ.
«Այնպիսի տպավորություն է, որ դուք եկել եք պաշտպանել անչափահասներին հենց ոստիկանությունից»,- ասացին քաղաքացիները:
Սրան ի պատասխան Նելլի Դուրյանը կոչ արեց ծնողներին չբերել երեխաներին ու անչափահասներին ցույցերին:
Նա զրուցեց մի քանի պատանու հետ՝ ճշտելով արդյոք նրանց ծնողները տեղյա՞կ են, որ իրենք Բաղրամյան պողոտայում են:
Չնայած սրան, ոստիկանության գնդապետը նշեց, որ ծնողներից հավաքի հետ կապված որևէ ահազանգ չի ստացել: